Bank of America-ն մտադիր է կրճատել շուրջ 3 հազար աշխատատեղ
Ամերիկյան բանկային հսկան՝ Bank of America-ն, մտադիր է ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում իր հիփոթեքային վարկավորման բիզնեսի աշխատակիցների թիվը կրճատել շուրջ 3 հազարով: Վերլուծաբանները նշում են, որ իր այս քայլով բանկը փորձում է «դիմակայել» միլիարդների հասնող տուգանքներին, որոնք առաջացել են 2008 թվականի իրադարձություններից հետո: Բանն այն է, որ բանկը մեղադրվում է ամերիկյան հիփոթեքային ճգնաժամի խորացման գործընթացում «իր մասնակցությունն ունենալու մեջ»:
Նշենք, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկի զուտ շահույթն աճել է ավելի քան յոթ անգամ և կազմել 2,5 մլրդ ԱՄՆ դոլար: Եռամսյակային համախառն հասույթը կազմել է 21,74 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 5,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Bank of America-ն իր ակտիվների ծավալով J.P.Morgan Chase-ից հետո ԱՄՆ երկրորդ խոշորագույն բանկն է: Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 2,173 տրիլիոն ԱՄՆ դոլար:
Bank of America-ին բաժին է ընկում ԱՄՆ ավանդների շուկայի շուրջ 10%-ը:
Բանկն իր մասնաճյուղներն ունի աշխարհի ավելի քան 40 երկրում: