Որոնք են Ferrari-ի պատմության 5 ամենատգեղ մոդելները
Չնայած վերջին տարիներին իտալական ավտոարտադրողը թողարկել է բավականին շատ հիասքանչ մեքենաներ, այն միշտ չէ, որ հաջողվել է մոդելների արտաքին տեսքի հետ կապված հարցերում։
Մինչդեռ Ferrari-ի այնպիսի հիասքանչ մոդելներն, ինչպիսիք են F40-ը կամ 288 GTO-ն, իրավամբ համարվում են խորհրդանիշներ: Ferrari-ն, սակայն, թողարկել է մի քանի պակաս էսթետիկ մեքենաներ, որոնք ստացել են երբևէ արտադրված ամենավատ Ferrari-ներից մի քանիսի համբավը։
Սա չի նշանակում, թե դրանք վատ ավտոմոբիլներ են։ Այս ցուցակը հիմնված է միայն արտաքին տեսքի վրա և ոչ ավելին։ Բայց նույնիսկ այդ դեպքում արժե ընդունել, որ ոչ այնքան գեղեցիկ Ferrari-ն միևնույն է նախընտրելի է նման վիճելի մեքենաներից, ինչպիսիք են Pontiac Aztek-ը կամ Lincoln Versailles-ը։
1. Ferrari F50
Մենք չենք ուզում ասել, թե F50-ը վատ մեքենա է։ Այո, դա հավանաբար թերագնահատված Ferrari է, որը ստվերվել է McLaren F1-ի կողմից և չի տալիս այնպիսի արտասովոր զգացողություններ, ինչպիսիք են Bugatti EB110-ը կամ Mercedes-Benz-ի մրցարշավային CLK GTR-ը։ Բայց այնուամենայնիվ, սա բավականին հետաքրքիր մոդել է։ Մեքենայի մասին կարծիքները շատ խոստումնալից էին՝ «թեժ, աղմկոտ, հուզիչ», «հիանալի», «կառավարելիությունը պարզապես գերազանց է»։ Սակայն էսթետիկ տեսանկյունից այն այնքան էլ գրավիչ մեքենա չէ:
Ֆորմուլա-1-ի ժառանգությանը համապատասխան՝ լակոնիկ մրցարշավային մեքենա լինելու փոխարեն F50-ը ծանր ու ծավալուն տեսք ունի։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ այն փոքր-ինչ մեծ է F40-ից։ Պարզապես համամասնությունները ընդհանուր առմամբ շատ ավելի վատն են։ Այնուամենայնիվ, դա չի խանգարում RM Sotheby’s աճուրդային տանը այս մոդելը գնահատել 5 միլիոն դոլարով։

2. Ferrari Mondial 8
Ferrari Mondial 8-ը Ferrari-ի՝ 1980-ականների սկզբի փորձն էր առաջարկել ավտոմեքենաների աշխարհում ամենալավը՝ օրինակ վերցնելով Ferrari Dino 308 GT4-ից։ Ենթադրվում էր, որ միջին շարժիչային դասավորությունը թույլ կտա ստեղծել արագ, բայց միաժամանակ հարմարավետ մեքենա։ Սակայն գաղափարը փչացրեց 2+2 նստատեղային սխեման։ Ցավոք, Mondial-ը չդարձավ այն, ինչ պատկերացնում էին․ ծալվող հետևի նստատեղերը շատ նեղ էին, ինչը հակասում էր նպատակին։ 3.0 լիտրանոց Ferrari V8 շարժիչը՝ 214 ձիաուժ հզորությամբ, նույնպես մեծ տպավորություն չգործեց, հատկապես հաշվի առնելով Mondial 8-ի բավական մեծ՝ 1445 կգ քաշը։ Առավելագույն արագությունը կազմում էր 250 կմ/ժ, իսկ 0-ից մինչև 100 կմ/ժ արագացումը՝ մոտ 9 վայրկյան։ Շատ տպավորիչ չէ։ Սակայն դա չէր, որ ստիպեց քննադատներին ատել Mondial 8-ը։ Հիմնական խնդիրը դիզայնն էր։

3. Ferrari 612 Scaglietti
Ferrari-ի մեծ մոդելները միշտ չէ, որ հաճելի են աչքին, հատկապես մեր օրերում։ Օրինակ՝ 456M GT-ն, անկասկած, անհամ տեսք ունի, իսկ 575M Maranello-ն, թեև ավելի գրավիչ է, միևնույն է չի կարելի անվանել դասական Ferrari-ի դիզայն։ 612 Scaglietti-ի գլխավոր խնդիրը առջևի հատվածն է։ Ամեն ինչ կապված է ռադիատորի ճաղավանդակի և լուսարձակների հետ։ Միմյանց շատ մոտ տեղադրված՝ «սեղմված» լուսարձակների և փոքր, բերանի նմանվող ճաղավանդակի համադրությունը մեքենայի առջևին տալիս է գրեթե ծաղրական տեսք, որը անհամապատասխան է V12 շարժիչով թանկարժեք գրանդ-տուրերի համար։ Եվ թեև մնացած հատվածներում մեքենան այդքան էլ վատը չէ, նրա մասին առանձնապես բան չկա ասելու:

4. Ferrari 365 GT4 2+2 / 400 / 400i / 412
Այս մոդելը երկար կյանք է ունեցել․ այն ներկայացվել է որպես Ferrari 365 GT4 2+2 1972 թվականին և գոյատևել է գրեթե երկու տասնամյակ՝ մինչև 1989 թվականը, երբ Ferrari-ն դադարեցրեց արտադրությունը, և այն դարձավ հայտնի որպես Ferrari 412։ Այդ ընթացքում ընկերությունը մի քանի տարի արտադրել է Ferrari 400 Automatic և 400 GT, որոնք 1979 թվականին փոխարինվել են 400 Automatic i և 400 GTi տարբերակներով։ Սակայն տարիների ընթացքում մի բան միշտ մնացել է անփոփոխ՝ անհաջող դիզայնը։ 365/400/412-ը ընկնում է նույն թակարդը, ինչ Mondial 8-ը: Ferrari 365/400/412-ը նման է 1985 թվականի Toyota MR2-ի մեծացված և ավելի «պրեստիժային» տարբերակին։ Առաջին հայացքից այնքան էլ վատ չէ, բայց իսկական Ferrari-ի համար սա լավագույն լուծումը չէ։ MR2-ը Toyota է, և նրան կարելի է ներել, որ արտաքինով չի համապատասխանում ավելի անվանի և թանկ մեքենաներին։ Ferrari-ն նման արդարացում չունի։

5. Ferrari 365 GTC/4
Ferrari-ն փորձ ունի 2+2 դասավորությամբ մեքենաներ ստեղծելու մեջ։ Սակայն դրանցից շատերին նայելն այնքան էլ հաճելի չէ, կարծես երկու հավելյալ նստատեղ տեղավորելու փորձը լիովին խախտում է Ferrari-ի դիզայներների հավասարակշռությունը։ 1972 թվականի Ferrari 365 GTC/4-ը այդպիսի անհաջող օրինակներից մեկն է։ Չնայած անվան նմանությանը, 365 GTC/4-ը արտաքինով քիչ ընդհանրություն ունի նույն տարում թողարկված Ferrari 365 GT4 2+2-ի հետ։ GTC/4-ը ուներ գրավիչ թափք և ֆասթբեք դիզայն, որը նման էր Daytona-ին, պարզապես ավելի մեծ։ Ցավոք, եթե Daytona-ն Ferrari-ի այցեքարտն է և համարվում է երբևէ ստեղծված ամենազիլ գրանդ-տուրերներից մեկը, ապա ավելի մեծ 365 GTC/4-ը նույն հաջողությունը չունի։ Մասամբ դա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ GTC/4-ը նախատեսված էր ԱՄՆ-ում նոր ձևավորվող շքեղության շուկայի համար։ GTC/4-ի դիզայնը միջին դասի մոդելի հիբրիդ է՝ Daytona-ի համամասնություններով և C3 Corvette Stingray-ի մկանուտ ուռուցիկյամբ, բայց առանց դրանց ուժեղ կողմերի։ Իրականում այն նույնիսկ մի քիչ տխուր է թվում, թեև, ըստ ամենայնի, վարելու համար բավականին լավ մեքենա է։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

