OpenAI-ն դադարեցրել է Մեծ Բրիտանիայում Stargate UK տվյալների կենտրոնի կառուցումը
OpenAI-ը դադարեցրել է Մեծ Բրիտանիայում արհեստական բանականության ենթակառուցվածքների ոլորտում իր ֆլագմանային նախագծի՝ Stargate UK-ի իրականացումը: Այս մասին գրում է Financial Times-ը։
Ընկերությունը նման որոշումը բացատրել է էներգառեսուրսների բարձր արժեքով և կարգավորող միջավայրի անորոշությամբ։ Սկզբնապես նախատեսվում էր, որ նախագծի շրջանակում տվյալների կենտրոնի կառուցումը Անգլիայի հյուսիս-արևելքում կմեկնարկի 2026 թվականի առաջին եռամսյակում։
OpenAI-ից նշել են, որ նախագծի դադարեցմանը նպաստել են նաև բրիտանական կառավարության մտահոգությունները՝ ԱԲ ոլորտում վարած քաղաքականության վերաբերյալ, մասնավորապես՝ վիճահարույց փոփոխությունների հետաձգման որոշումը, որոնք կհեշտացնեին ոլորտի ընկերությունների համար հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակության օգտագործումը՝ մոդելների ուսուցման նպատակով։
«Մենք շարունակում ենք մշակել Stargate UK նախագիծը և կշարունակենք առաջ շարժվել, երբ ձևավորվեն ենթակառուցվածքներում երկարաժամկետ ներդրումների համար հարմար պայմաններ՝ ներառյալ կարգավորող միջավայրը և էներգակիրների արժեքը», – ասվում է OpenAI-ի հայտարարության մեջ։
Ընկերությունը նաև նշել է, որ մտադիր է շարունակել ընդլայնել իր ներկայությունը Լոնդոնում, որը հանդիսանում է OpenAI-ի խոշորագույն միջազգային հետազոտական կենտրոնը։
Բրիտանական Nscale ընկերության հետ գործընկերությամբ տվյալների կենտրոնի կառուցման ծրագիրը OpenAI-ը ներկայացրել էր 2025 թվականի սեպտեմբերին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում։ Նախատեսվում էր, որ նախագիծը կնպաստի բրիտանական ԱԲ ոլորտում միլիոնավոր դոլարների ներդրումների ներգրավմանը։
Վերջին շրջանում OpenAI-ը վերանայում է իր ներդրումային ռազմավարությունը։ Վերջերս ընկերությունը նաև հայտարարել է Օսթինում տվյալների կենտրոնի նախագծում ներդրումների կրճատման մասին և հրաժարվել է աջակցել Sora տեսանյութերի գեներացման ԱԲ համակարգին։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

