Nvidia-ի եռամսյակային զուտ շահույթը եռապատկվել է
Ամերիկյան գրաֆիկական պրոցեսորներ արտադրող Nvidia-ն 2027 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում կտրուկ ավելացրել է զուտ շահույթն ու հասույթը, ընդ որում՝ երկու ցուցանիշներն էլ գերազանցել են շուկայի կանխատեսումները։
Ընկերությունը նաև հայտարարել է 80 միլիարդ դոլարի buyback ծրագրի մասին և բարձրացրել է շահաբաժինները,:
Ապրիլի 26-ին ավարտված եռամսյակում Nvidia-ի զուտ շահույթը կազմել է 58.32 միլիարդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով՝ 2.39 դոլար՝ նախորդ տարվա 18.78 միլիարդ դոլարի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 0.76 դոլարի դիմաց։
Ընկերության եռամսյակային հասույթն աճել է՝ նախորդ տարվա 44.06 միլիարդ դոլարից հասնելով 81.62 միլիարդ դոլարի։
FactSet-ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսել էին 42.9 միլիարդ դոլարի զուտ շահույթ և 78.9 միլիարդ դոլարի հասույթ։
Տվյալների կենտրոնների ստորաբաժանման հասույթը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 75.2 միլիարդ դոլարի։ Edge Computing ստորաբաժանման եկամուտն աճել է 29%-ով՝ մինչև 6.4 միլիարդ դոլար։
«Պահանջարկն աճել է պարաբոլիկ տեմպերով: Պատճառը պարզ է․ գործակալային արհեստական բանականության դարաշրջանն արդեն սկսվել է», – հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:
Ընկերության կանխատեսմամբ՝ ընթացիկ եռամսյակում հասույթը կկազմի մոտ 91 միլիարդ դոլար։
Nvidia-ի ղեկավարությունը հաստատել է սեփական բաժնետոմսերի հետգնման նոր ծրագիր՝ 80 միլիարդ դոլարի չափով։ Բացի այդ, ընկերությունը կվճարի եռամսյակային 25 ցենտ շահաբաժին մեկ բաժնետոմսի դիմաց՝ նախորդ տարվա 1 ցենտի փոխարեն։
Ընկերության գլխավոր ֆինանսական տնօրենը հայտնել է, որ այս տարի բաժնետերերին կատարվող վճարումները կկազմեն ազատ դրամական հոսքի մոտ 50%-ը։
2026 թվականի սկզբից Nvidia-ի կապիտալիզացիան աճել է 19.8%-ով՝ հասնելով 5.34 տրիլիոն դոլարի։ Ներկայումս այն աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունն է։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

