Հազվագյուտ Jaguar XK150 է գտնվել
Jaguar XK150-ը արտադրվել է 1957-ից 1961 թվականներին և դարձել լեգենդար XK շարքի վերջին մոդելը։ Իր ժամանակին հենց այս շարքն օգնեց Jaguar-ին ամրապնդել գեղեցիկ և արագ սպորտային մեքենաների արտադրողի իր համբավը։ Պատմությունն սկսվել էր դեռ 1948 թվականին XK120 մոդելով՝ մեքենայով, որը ցուցադրական նախատիպից վերածվեց սերիական հաջողության՝ Լոնդոնի ավտոսրահում տպավորիչ դեբյուտից հետո։
Ավելի ուշ հայտնվեցին XK140 և XK150 մոդելները, ընդ որում՝ վերջին տարբերակը ստացել էր զգալիորեն վերափոխված տեսք, ավելի ժամանակակից ուրվագիծ։ Կափարիչի տակ տեղադրված էր 3.4-լիտրանոց վեցմխոցանի շարժիչ, իսկ 1959 թվականից այն փոխարինվեց ավելի հզոր՝ 3.8-լիտրանոց ագրեգատով։ Արտադրության ամբողջ ընթացքում Jaguar-ը թողարկել է XK շարքի ավելի քան 30 հազար մեքենա, սակայն այսօր հատկապես XK150-ն է համարվում արժեքավոր դասական ավտոմեքենա։
Հայտնաբերված օրինակը գտել է բլոգերներից մեկը։ Կադրերից երևում է, որ մեքենան երկար տարիներ կանգնած է եղել գյուղական վայրում գտնվող լքված շինությունում և բառացիորեն միաձուլվել շրջակա միջավայրի հետ։ Թափքը պատված է մամուռով, մետաղը խիստ ժանգոտել է, իսկ բրիտանական կանաչ ներկը ժամանակի շերտի տակ արդեն հազիվ է նշմարվում։
Սրահն ավելի տխուր տեսք ունի․ ներսում բույսեր են աճել, իսկ հատակը, կարծես, գրեթե ամբողջությամբ քայքայվել է։ Տասնամյակներով խոնավ հողի վրա կանգնած մեքենայի համար դա զարմանալի չէ։ Ամենամեծ հարց է՝ պահպանվել է արդյոք բնօրինակ շարժիչը։ Ամենայն հավանականությամբ՝ այն տեղում է, սակայն վիճակը կարելի է միայն ենթադրել։
Ըստ ամենայնի՝ սա կոշտ տանիքով կուպե տարբերակ է, իսկ նման մեքենաներից արտադրվել է ընդամենը 4445 օրինակ։ Ավելի հազվադեպ էին աջ ղեկով տարբերակները․ Jaguar-ը հավաքել է ընդամենը 1368 նման ավտոմեքենա։ Ընդհանուր թողարկման ֆոնին՝ սա գտածոն իսկապես հազվագյուտ է դարձնում, հատկապես կոլեկցիոներների համար, որոնց համար կարևոր է ոչ միայն վիճակը, այլև մեքենայի սկզբնական կոնֆիգուրացիան։
Հարց է՝ արդյոք ընդհանրապես արժե փրկել նման մեքենան. հազվագյուտ լինելու տեսանկյունից՝ միանշանակ այո։ Տնտեսական տեսանկյունից ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Նման Jaguar-ի վերականգնումը գրեթե անկասկած կպահանջի վեցանիշ գումար, իսկ վերջնական ծախսերը հեշտությամբ կարող են գերազանցել մեքենայի շուկայական արժեքը վերականգնումից հետո։ Աճուրդներում կոշտ տանիքով XK150 կուպեները սովորաբար զգալիորեն ավելի էժան են վաճառվում, քան ռոդսթերներն ու կաբրիոլետները, թեև շարունակում են մնալ թանկարժեք դասական մեքենաներ։
Այսպիսով, մեր առաջ հին ավտոմեքենաների բնորոշ ճակատագիրն է․ հազվագյուտ է, պատմական, բայց ժամանակը գրեթե ամեն ինչ քանդել է։ Եվ եթե ինչ-որ մեկը որոշի փրկել այս Jaguar-ը, ապա դա կլինի ոչ այնքան ֆինանսական որոշում, որքան սիրո դրսևորում բրենդի և ավտոմոբիլային պատմության հանդեպ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

