Volkswagen-ը մինչև տարեվերջ Գերմանիայում կկրճատի 19 հազար աշխատակից
Volkswagen AG գերմանական ավտոհսկան մինչև տարեվերջ Գերմանիայում կկրճատի 19 հազար աշխատակից։ Այս մասին նշվում է ընկերության կայքում հրապարակված՝ գլխավոր տնօրենի ելույթի տեքստում, որը նախատեսված է ներկայացնել հունիսի 18-ին կայանալիք բաժնետերերի տարեկան ժողովում։
Նրա խոսքով՝ երկրում իրականացվող աշխատակազմի և ծախսերի լայնածավալ կրճատման ծրագիրն ընթանում է նախատեսվածի համաձայն։
Ընկերությունը խոստանում է մինչև 2030 թվականը Գերմանիայում կրճատել ավելի քան 28 հազար աշխատատեղ, իսկ եթե հաշվի առնվեն նաև խմբի կազմում ընդգրկված Audi, Porsche և CARIAD ընկերությունները, ապա ընդհանուր կրճատումների թիվը կհասնի մոտ 50 հազարի։
Բացի այդ, մինչև 2030 թվականը Volkswagen Group-ը նախատեսում է տարեկան ծախսերը կրճատել 6 միլիարդ եվրոյով։ Volkswagen-ի տնօրենի խոսքով՝ կոլեկտիվ պայմանագրերի և աշխատակազմի կրճատման միջոցառումների շնորհիվ արդեն հաջողվել է ապահովել շուրջ 1 միլիարդ եվրոյի կայուն խնայողություն։
Volkswagen-ը իրատեսական է համարում տարեկան 9 միլիոն ավտոմեքենայի արտադրությունը՝ մինչ համավարակը ծրագրված 12 միլիոնի փոխարեն։ Հենց այդ ծավալն է միջինում արտադրվել վերջին հինգ տարիների ընթացքում։
Կոնցեռնը ցանկանում է իր արտադրական բազան համապատասխանեցնել այդ մակարդակին և վերջին երկու տարիներին արդեն կրճատել է Եվրոպայում և Չինաստանում արտադրական հզորությունները տարեկան 2 միլիոն ավտոմեքենայով։ Բացի այդ, Չինաստանում նախաձեռնվել է ևս 500 հազար ավտոմեքենայի տարեկան հզորությունների կրճատում։
«Եվրոպայում և Գերմանիայում հաջորդ քայլերն էլ կլինեն մոտավորապես նույն մասշտաբի», – հայտարարել է գլխավոր տնօրենը։
Միևնույն ժամանակ, ընկերությունը նախատեսում է մինչև հաջորդ տարեվերջ չինական շուկա դուրս բերել շուրջ 30 նոր մոդել։ Դրանց թվում մինչև ընթացիկ տարվա ավարտը կներկայացվեն առաջին ինքնավար կառավարման գործառույթներով մոդելները, թեև դրանք դեռևս կպահանջեն վարորդի վերահսկողություն։
Ամենաուշը 2027 թվականին վարորդին աջակցող համակարգերը նախատեսվում է հասցնել ավելի բարձր մակարդակի, որն ավտոկոնցեռնը բնութագրում է որպես բարձր ավտոմատացված վարում՝ որոշակի օգտագործման սցենարներում։
Ի վերջո, Volkswagen-ի ղեկավարությունը նպատակ է դրել մինչև 2030 թվականը գործառնական շահութաբերությունը հասցնել 8-10%-ի։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

