Ճապոնիան փորձում է նվազեցնել արհեստական բանականության ոլորտում ԱՄՆ-ից և Չինաստանից կախվածությունը
Ճապոնիան նոր դիվանագիտական ռազմավարություն է սկսում արհեստական բանականության ոլորտում։ Տոկիոն ձևավորում է գործընկերություններ զարգացող երկրների և Եվրամիության անդամ պետությունների հետ՝ նպատակ ունենալով նվազեցնել ԱՄՆ-ի և Չինաստանի տեխնոլոգիական հսկաներից կախվածությունը, հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ արդեն իսկ ձեռնարկվել են գործնական քայլեր։ Ճապոնիան և Հնդկաստանը համաձայնել են կանոնավոր երկկողմ երկխոսություն վարել արհեստական բանականության հարցերի շուրջ։ Բացի այդ, կողմերը նախատեսում են համատեղ ստեղծել մեծածավալ տվյալների մշակման կենտրոններ։
Հունիսից Տոկիոն և Փարիզը բանակցություններ են վարում արհեստական բանականության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Քննարկումներին մասնակցում են երկու երկրների առաջատար մասնավոր ընկերությունների ղեկավարները։ Զուգահեռաբար Ճապոնիան նմանատիպ համագործակցություն է զարգացնում նաև Մալայզիայի հետ։
Այս ակտիվության պատճառը Տոկիոյի աճող մտահոգությունն է։ ԱՄՆ իշխանություններն ու ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները գնալով ավելի հաճախ են սահմանափակում հասանելիությունը ամենաառաջադեմ մշակումներին։ Բացի այդ, Ճապոնիան մտահոգված է զգայուն տվյալների հնարավոր արտահոսքով։ Kyodo-ի փոխանցմամբ՝ Տոկիոն մտադիր է կենտրոնանալ ազգային լեզուներով աշխատող արհեստական բանականության համակարգերի ստեղծման վրա։
