OpenAI-ն ԱՄՆ-ում անցկացված հետաքննության արդյունքում կվճարի 3.2 մլն դոլար
OpenAI-ը և նրա դուստր ընկերությունը կվճարեն 3.2 միլիոն դոլար՝ կարգավորելու ԱՄՆ կառավարության այն պահանջները, ըստ որոնց՝ ընկերությունը աշխատանքի ընդունելիս նախապատվություն է տվել ժամանակավոր աշխատանքային վիզաներ ունեցող օտարերկրյա աշխատակիցներին՝ ամերիկացի թեկնածուների փոխարեն։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարության հայտարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ խախտումների թվում եղել են թղթային ինքնակենսագրականներ (CV) փոստով ուղարկելու պահանջը՝ էլեկտրոնային դիմումների փոխարեն, թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունների հեռարձակումը ուշ գիշերային ժամերին ռադիոյով, ինչպես նաև արտաքին հարթակներում աշխատատեղերի մասին հայտարարությունների չհրապարակումը։
Reuters-ի փոխանցմամբ՝ գործի կարգավորման համաձայնագրի շրջանակում ընկերությունը չի ընդունել իր մեղավորությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բազմաթիվ ընկերություններ չարաշահում են ժամանակավոր աշխատանքային վիզաների համակարգը և հանդես էր եկել օտարերկրյա մասնագետների աշխատանքի ընդունման սահմանափակման օգտին։ Մասնավորապես, նրա վարչակազմը սահմանել էր 100 հազար դոլարի վճար բարձր որակավորում ունեցող մասնագետների համար նախատեսված նոր H-1B վիզաների տրամադրման դեպքում, որոնք լայնորեն կիրառվում են տեխնոլոգիական ոլորտում։ Սակայն Reuters-ի տվյալներով՝ այդ վճարի կիրառումը ժամանակավորապես կասեցվել է դատական գործընթացների ընթացքում։
ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Հարմիթ Դիլոնը հայտարարել է, որ «այս նշանակալի համաձայնագիրը երաշխավորում է, որ OpenAI-ը կվերացնի պատճառված վնասը և կփոխի իր աշխատանքի ընդունման մեթոդները, որպեսզի ամերիկացի աշխատողները հավասար հնարավորություններ ստանան տեխնոլոգիական ոլորտում պահանջված պաշտոնների համար դիմելիս»։
Համաձայնագիրը նախատեսում է 1.2 միլիոն դոլարի տուգանքների վճարում և ևս 2 միլիոն դոլար՝ որպես ենթադրյալ խտրականության զոհերի փոխհատուցում։ Բացի այդ, OpenAI-ը համաձայնել է վերանայել իր կադրային քաղաքականությունը, կազմակերպել աշխատակիցների վերապատրաստում և ենթարկվել ԱՄՆ Արդարադատության նախարարության վերահսկողությանը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

