Volkswagen-ի գլխավոր տնօրենը ավտոարդյունաբերության ճգնաժամի ֆոնին ծախսերի կրճատումն անհրաժեշտ է համարում
Ավտոմոբիլային ոլորտում առկա խնդիրները առաջիկա տարիներին միայն կսրվեն, կարծում է Volkswagen Group-ի գլխավոր գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումեն։
Նշվում է, որ ավտոարտադրողին անհրաժեշտ է էապես կրճատել ծախսերը՝ ֆինանսական կայունությունը պահպանելու համար։
Հուլիսին ընկերությունը ներկայացրել էր բիզնեսի զարգացման ծրագիր, որը նախատեսում է ավտոմեքենաների մոդելային շարքի կրճատում մոտ 50%-ով։ Բացի այդ, ավտոարտադրողը մտադիր է օպտիմալացնել արտադրական հզորությունները՝ դրանք համապատասխանեցնելով փոխված շուկայական պայմաններին և մրցակցության կտրուկ աճին։ Մասնավորապես, VW-ն ծրագրում է կրճատել արտադրական հզորությունները Չինաստանում և Եվրոպայում։
Բլյումեն, որը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել վերակազմավորման պատճառով վտանգի տակ հայտնված գործարաններ, նշել է, որ VW-ի ծախսերը դեռևս մոտ 30%-ով ավելի բարձր են, քան մրցակիցներինը, և այդ խնդիրը պետք է լուծվի։
Ներկայիս 4% շահութաբերությունը այս պայմաններում վատ ցուցանիշ չէ, սակայն, նրա խոսքով՝ այն բացարձակապես բավարար չէ երկարաժամկետ հեռանկարում նոր տեխնոլոգիաների, նոր արտադրանքի և ձեռնարկությունների համար ներդրումներ ապահովելու նպատակով բավարար միջոցներ ստեղծելու համար։
VW-ն պաշտոնապես չի նշել աշխատատեղերի նախատեսվող կրճատման ծավալը, սակայն լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը կարող է լրացուցիչ մոտ 50 հազար աշխատակցի մասին լինել։ Դա փաստացի կկրկնապատկի աշխատանքից ազատումների ծավալը, որը նախատեսված էր 2024 թվականին մեկնարկած ծախսերի կրճատման ծրագրով։
Բլյումեն ընդգծել է, որ այդ թիվը դեռևս հաստատված նպատակ չէ։
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ VW-ի վերահսկիչ խորհուրդը, ինչպես սպասվում է, սեպտեմբերի 4-ին կհավաքվի՝ շարունակելու վերակազմավորման ծրագրի քննարկումը։
2026 թվականի սկզբից Volkswagen-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 27.4%-ով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

