Uber-ը և Wayve-ը Լոնդոնում գործարկում են ռոբոտաքսի ծառայություն
Ամերիկյան Uber-ը և բրիտանական Wayve-ը Լոնդոնում գործարկում են ռոբոտաքսի ծառայություն: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Լոնդոնում Uber հավելվածի օգտատերերին այժմ կարող է տրամադրվել Wayve-ի ինքնավար վարման տեխնոլոգիաներով համալրված ավտոմեքենա, սակայն ղեկին, այնուամենայնիվ, կլինի վարորդ, որն անհրաժեշտության դեպքում կվերցնի մեքենայի կառավարումը։ Ընկերությունները դեռ չեն ստացել կարգավորող մարմինների թույլտվությունը լիովին առանց վարորդ ուղևորությունների համար։
Սա առաջին դեպքն է, երբ ռոբոտաքսիները Լոնդոնում լայնորեն հասանելի են դառնում։ Wayve-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքս Քենդալի խոսքով՝ դա կարևոր է՝ հաշվի առնելով, որ այս քաղաքում նավիգացիան ավելի բարդ է, քան ռոբոտաքսիների համար արդեն ձևավորված կենտրոններում։
Մասնավորապես, Լոնդոնի փողոցներում հեծանվորդների և հետիոտների թիվն ավելի քան 15 անգամ գերազանցում է Սան Ֆրանցիսկոյի ցուցանիշը։ Բացի այդ, այստեղ կան ավելի բարդ խաչմերուկներ, օրինակ՝ շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկներ։
«Հաշվի առնելով այս ամենը՝ Լոնդոնը բավական բարդ միջավայր է երթևեկելու համար, սակայն մեր արհեստական բանականությունը կարող է դրան շատ սահուն կերպով հաղթահարել», – WSJ-ին տված հարցազրույցում հայտարարել է Քենդալը։
Մյուս խաղացողներն, այդ թվում՝ չինական Baidu-ն և ամերիկյան Waymo-ն (մտնում է Alphabet-ի կազմի մեջ), առայժմ միայն փորձարկում են ինքնավար մեքենաները Լոնդոնում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

