Porsche-ը պաշտոնապես հրաժարվել է Bugatti-ի իր բաժնեմասից՝ 1 մլրդ եվրոյի դիմաց
Porsche ընկերությունը դեռևս ապրիլին պայմանավորվել էր վաճառել Bugatti Rimac համատեղ ձեռնարկությունում ունեցած 45% բաժնեմասը (խորվաթական Rimac ընկերությունը վաղուց ֆրանսիական ապրանքանիշի համասեփականատերերից մեկն է), ինչպես նաև Rimac Group-ում ունեցած 20.6% բաժնեմասը։ Սակայն գործարքի մասնակիցները ստիպված էին մի քանի ամիս սպասել կարգավորող մարմինների հաստատմանը։
Porsche-ի բաժնետոմսերի գնորդը HOF Capital-ի գլխավորած կոնսորցիումն է։ Վերջինս դարձել է Rimac Group-ի խոշորագույն բաժնետերը՝ խորվաթական ընկերությունում ստանալով 23.5% բաժնեմաս։ HOF Capital-ը Porsche-ից ձեռք է բերել նաև Bugatti Rimac-ի բաժնետոմսերի 45%-ը։ Երկրորդ խոշորագույն բաժնետերը դարձել է BlueFive Capital-ը, որը նույնպես մասնակցել է գործարքին։ Սեփականատերերի կազմի փոփոխությանը զուգահեռ փոփոխություններ են կատարվել նաև Bugatti-ի կառավարման կառուցվածքում։ Միևնույն ժամանակ ընկերության ղեկավարի պաշտոնը պահպանել է Rimac-ի հիմնադիր Մատե Ռիմացը։
Bugatti-ում և Rimac-ում ունեցած իր բաժնեմասերի դիմաց Porsche-ն ստացել է շուրջ 1 մլրդ եվրո։ Մոտ 250 մլն եվրո գերմանական արտադրողը կուղղի կենսաթոշակային պարտավորությունների կատարմանը։
Porsche-ն ստիպված է եղել վաճառել Bugatti-ում ունեցած իր բաժնեմասը։ Գերմանական ընկերությունը նախորդ տարվա արդյունքներով կրել է հսկայական վնասներ։ Այդ պատճառով Porsche-ն այժմ վերանայում է իր մոդելային շարքը՝ կենտրոնանալով միայն բարձր շահութաբերությամբ ավտոմեքենաների զարգացման վրա, ինչպես նաև կրճատում է աշխատակիցների թիվը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

