ԱՄՆ արդարադատության նախարարությունը տուգանքի պատճառով ԵՄ-ի հետ վեճում աջակցել է Իլոն Մասկին
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Եվրամիության կողմից X սոցիալական ցանցի նկատմամբ սահմանված տուգանքն իրավաչափ չէ, և աջակցել է Իլոն Մասկին՝ այն չեղարկելու նրա ջանքերում։ ԵՄ-ում հարթակի նկատմամբ հետաքննությունը մեկնարկել էր դեռևս 2023 թվականի դեկտեմբերին, իսկ այժմ գործընթացին միացել են նաև ԱՄՆ իշխանությունները։ Մասկը փորձում է բողոքարկել ԵՄ-ում X սոցիալական ցանցի օպերատորի նկատմամբ սահմանված ավելի քան 136 մլն դոլարի տուգանքը։
ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Բրեթ Շումեյթը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը գերազանցել է իր լիազորությունների շրջանակը։
«Եվրահանձնաժողովը իրավաչափ հիմքեր չունեցող փորձ է ձեռնարկել ընդլայնելու իր լիազորությունները ամերիկյան այն ընկերությունների նկատմամբ, որոնք չեն գտնվում և գործունեություն չեն ծավալում իր իրավասության ներքո։ Մենք թույլ չենք տա, որ Եվրահանձնաժողովը չարաշահի իր կարգավորող լիազորությունները՝ փորձելով վերահսկել ամերիկյան նորարարության և տնտեսական աճի շարժիչ ուժերը»:
Գերատեսչությունը գործողությունները համակարգում է ԱՄՆ պետքարտուղարության հետ։ Նպատակն է պաշտպանել ամերիկյան ընկերությանը «արտատարածքային հարկադրական միջոցներից»։ ԱՄՆ դատախազությունում կարծում են, որ Եվրահանձնաժողովի քայլերը և ԵՄ-ի Թվային ծառայությունների մասին օրենքը (EU Digital Services Act, DSA) ուղղված են X-ի, դրա սեփականատեր Իլոն Մասկի և «նրա հետ կապ չունեցող այլ ամերիկյան կորպորացիաների» դեմ։ Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ի որոշումը «կարող է լուրջ հետևանքներ ունենալ շատ խոշոր առցանց հարթակների և ԵՄ տարածքում թվային ծառայությունների ոլորտում գործող այլ կազմակերպությունների համար»։
Եվրամիությունում X-ի նկատմամբ հետաքննությունը մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերին։ Եվրահանձնաժողովը ընկերությանը կասկածում է Թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու մեջ։ Այս ակտն ինտերնետային ռեսուրսների օպերատորներից պահանջում է հեռացնել ԵՄ-ում արգելված համարվող բովանդակությունը, ընդ որում՝ առանց դատարանի որոշումների անհրաժեշտության։
Հունվարի 8-ին Եվրահանձնաժողովը X-ին մեղադրել է այն բանում, որ արհեստական բանականության Grok համակարգը գեներացնում է հակասեմական և մանկապղծական բնույթի նյութեր։ Հարթակին պարտավորեցրել են մինչև 2026 թվականի վերջը պահպանել այս արհեստական բանականության համակարգին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Փաստացի, նման կարգադրությունը նշանակում է, որ Եվրահանձնաժողովը պատրաստվում է նոր իրավական մեղադրանքներ ներկայացնել X սոցիալական ցանցի դեմ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

