BYD-ն մտադիր է Եվրոպայում աշխատակիցների թիվը հասցնել 40 հազարի և շուտով արտադրություն սկսել Հունգարիայում
Չինական BYD Co. ընկերությունը, որը նոր էներգիայի աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների (NEV) առաջատար արտադրողն է, նախատեսում է մինչև տասնամյակի վերջ Եվրոպայում իր աշխատակիցների թիվը հասցնել ավելի քան 40 հազարի։ Այս մասին Bloomberg TV-ին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության գործադիր փոխնախագահ և արտասահմանյան ուղղության ղեկավար Ստելլա Լին՝ Փարիզի ավտոսրահի շրջանակում։
Նրա խոսքով՝ մոտ ապագայում BYD-ի եվրոպական ստորաբաժանումներում աշխատակիցների թիվը կգերազանցի 10 հազարը։ Ընկերությունը մտադիր է աշխատանքի ընդունել ինչպես ավտոմոբիլային արդյունաբերության, այնպես էլ այլ ոլորտների մասնագետների, այդ թվում՝ եվրոպական ընկերություններում կրճատումների հետևանքով աշխատանքը կորցրած անձանց։ Արդյունքում BYD-ն կարող է դառնալ տարածաշրջանի ավտոմոբիլային արդյունաբերության խոշորագույն գործատուներից մեկը։
Լիի խոսքով՝ ներկայումս չինական ընկերությունը գտնվում է Հունգարիայում իր առաջին եվրոպական գործարանի գործարկման նախապատրաստական աշխատանքների եզրափակիչ փուլում։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում։ Հետագայում ընկերությունը դիտարկում է տարածաշրջանում ևս մի քանի արտադրական ձեռնարկություն կառուցելու հնարավորությունը, այդ թվում՝ Ֆրանսիայում և Իսպանիայում։
Լին նաև նշել է, որ BYD-ն շարունակում է գնահատել Չինաստանից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման նկատմամբ ԵՄ-ի՝ վերջերս հայտարարված սահմանափակումների հնարավոր հետևանքները, քանի որ համաձայնագրի կոնկրետ մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

