BMW-ում գտել են ևս մեկ պատճառ՝ հրաժարվելու մեխանիկական փոխանցման տուփերից
BMW-ի ղեկավարությունը և M ստորաբաժանումը բազմիցս հայտարարել են, որ մտադիր են մեխանիկական փոխանցման տուփերը պահպանել իրենց մոդելային շարքում՝ առնվազն որոշ մոդելների համար։ Սակայն BMW Blog-ին տված հարցազրույցում BMW M-ի ղեկավար Ֆրանկ վան Միլը ներկայացրել է «մեխանիկայից» հրաժարվելու ևս մեկ փաստարկ, որը կարող է առաջին հայացքից ոչ ակնհայտ թվալ: Դա մեղմ հիբրիդային ուժային համակարգերի տարածումն է։
Վան Միլի խոսքով՝ մեխանիկական փոխանցման տուփի ինտեգրումը նման ուժային համակարգերի հետ ինժեներական տեսանկյունից չափազանց բարդ է։ Նա, սակայն, մանրամասների մեջ չի խորացել։
Թեև BMW M-ի ղեկավարը չի հաստատել երեք ոտնակով մոդելներից հրաժարվելու վերջնական որոշումը, նա չի բացառել նաև ապագայում մեխանիկական փոխանցման տուփերի պահպանման հնարավորությունը։
Վան Միլն ընդգծել է, որ BMW-ում գիտակցում են էնտուզիաստների շրջանում նման ավտոմեքենաների նկատմամբ առկա պահանջարկը և հասկանում են, որ սա «զգացմունքային հարց է»։
BMW M3-ի ներկայիս սերունդն ունի մեխանիկական փոխանցման տուփով տարբերակներ, սակայն, ըստ պարբերականի, 2028 թվականին նախատեսված սերնդափոխությունից հետո կոնցեռնը վերջնականապես կանցնի ավտոմատ փոխանցման տուփերի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ BMW-ն արմատապես կփոխի իր ավտոմեքենաների մշակման մոտեցումը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

