ԵՄ ավտոարդյունաբերությունը կտրուկ անկում է ապրում․ Mercedes-ի պահեստամասերի մատակարարը փակում է հինգ գործարան
ԵՄ ավտոարդյունաբերությունը կտրուկ անկում է ապրում. գերմանական Schaeffler Group կոնցեռնը, որը Volkswagen, Porsche և Mercedes-Benz ընկերությունների ավտոմոբիլային բաղադրիչների առաջատար մատակարարներից է, հայտարարել է աշխատատեղերի լայնածավալ կրճատումների և արտադրական հզորությունների փակման մասին։ Արդեն մինչև 2028 թվականը Գերմանիայում ընկերության աշխատակիցների ավելի քան 9%-ը կկորցնի աշխատանքը։
Reuters-ի տվյալներով՝ փակվելու է հինգ գործարան, այդ թվում՝ չորսը Գերմանիայում, մեկը՝ Բելգիայում։ Ընդհանուր առմամբ, կրճատումները կվերաբերեն ընկերության 16 արտադրական ձեռնարկությունների, իսկ 3460 աշխատակից, որոնցից 2660-ը՝ Գերմանիայում, կզրկվի աշխատանքից։
Schaeffler-ի ղեկավար Կլաուս Ռոզենֆելդը հիմնական պատճառ է նշել Գերմանիայում աշխատուժի բարձր արժեքը։ Նրա խոսքով՝ ընկերությունն այս երկրում աշխատակազմի պահպանման համար 2.5 անգամ ավելի շատ գումար է ծախսում, քան մյուս երկրներում։
Իրավիճակն ավելի է բարդանում եվրոպական ավտոարդյունաբերության ճգնաժամի պատճառով։ Ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկը նվազում է, իսկ էլեկտրամոբիլների տարածումը սպասվածից դանդաղ է ընթանում։ Բացի այդ, սրվում է մրցակցությունը։ Այս պայմաններում Schaeffler-ը ստիպված է խնայողության միջոցներ ձեռնարկել և նախատեսում է ծախսերը կրճատել 300 միլիոն եվրոյով։
Վերակազմավորման գործընթացին աջակցելու նպատակով Ռոզենֆելդը որոշել է նաև «լայն ժեստ» անել՝ 10%-ով նվազեցնելով սեփական աշխատավարձը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

