Դոնալդ Թրամփի մեմքոինը կտրուկ թանկացել է՝ չնայած ներդրողների կորուստների մասին հաղորդումներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեմքոինը՝ Official Trump (TRUMP), աճի տեմպերով առաջ է անցել թոփ-100-ի մյուս բոլոր կրիպտոարժույթներից՝ մեկ օրում թանկանալով 23%-ով։ Մեկ շաբաթվա կտրվածքով այն աճի ցուցանիշով երկրորդն է՝ 61% աճով, իսկ մեկ ամսվա կտրվածքով՝ երրորդը՝ 93% աճով։ Համեմատության համար՝ բիթքոյնի փոխարժեքը վերջին 30 օրվա ընթացքում բարձրացել է 23%-ով։
Միևնույն ժամանակ, TRUMP-ի ամենաակտիվ աճը սկսվել է օգոստոսի 19-ին։ Այդ օրը ամբողջ կրիպտոշուկան սկսել է աճել՝ ԱՄՆ կառավարության ֆինանսական պարտավորությունների՝ պատմական առավելագույն մակարդակի հասնելու և Թրամփի՝ Սպիտակ տանը կրիպտոընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ֆոնին։
Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը դրական է արտահայտվել կրիպտոարժույթների վերաբերյալ և հայտարարել, որ Կոնգրեսը պետք է ընդունի կրիպտոշուկայի կարգավորման վերաբերյալ CLARITY Act օրինագիծը։ Դրա վերաբերյալ որոշումը մի շարք վիճահարույց հարցերի պատճառով հետաձգվել է մինչև աշուն։ Այդ հարցերից մեկը Թրամփի՝ կրիպտոարժույթների ոլորտում շահերի բախումն է, որի մասին դեմոկրատ սենատորները բարձրաձայնում են արդեն ավելի քան մեկ տարի։
Աշնանն ԱՄՆ-ում կանցկացվեն միջանկյալ ընտրություններ։ Ավելի վաղ փորձագետները ենթադրում էին, որ, հնարավոր է, ընտրություններից առաջ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները շահագրգռված են կրիպտոշուկակին աջակցելու հարցում։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում ավելի հաճախ են հրապարակումներ հայտնվում ԱՄՆ-ի նախագահի ընտանիքի՝ կրիպտոնախագծերից ստացած խոշոր եկամուտների մասին՝ ներդրողների կրած կորուստների ֆոնին, ինչպես նաև Թրամփի՝ ԱՄԷ իշխանությունների հետ ունեցած գործարար կապերի վերաբերյալ։
Հուլիսին The New York Times-ը (NYT), վկայակոչելով Nansen վերլուծական ընկերության տվյալները, հայտնել էր, որ TRUMP մեմքոինը գնած գրեթե մեկ միլիոն մարդ կորցրել է իր գումարը։ Նրանց ընդհանուր կորուստները կազմել են 3.81 միլիարդ դոլար։
