ՀԱՅ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱՆՈՒՄ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ
Ծաղկաձորում հոկտեմբերի 16-17-ը կայացած վերապատրաստման դասընթացներում ՀՀ մաքսավորները ծանոթացել են կոռուպցիոն ռիսկերի կառավարման առանցքային սկզբունքներին ու մեթոդներին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ մաքսային ծառայությունից, համակարգում վերջին ժամանակներս որոշակի դրական քայլեր են ձեռնարկվել արդյունավետ հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման ուղղությամբ: Դա նկատի առնելով` Եվրամիության խորհրդատվական խումբը պատրաստակամություն է ցուցաբերել իր հերթին աջակցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ)` սկսված բարեփոխումները նույն արդյունավետությամբ շարունակելու գործում եւ կազմակերպել է մաքսային համակարգի աշխատակիցների վերապատրաստման երկօրյա աշխատաժողով` նրանց հնարավորություն ընձեռելով ծանոթանալու համակարգում ներքին կեղծիքների բացահայտման ու կոռուպցիոն ռիսկերի կառավարման միջազգային լավագույն փորձին:
«Պետական եկամուտների կոմիտեի կողմից այսօր մեծ ուշադրություն է դարձվում հակակոռուպցիոն միջոցառումների իրականացմանը, եւ մենք նախատեսում ենք նման աշխատաժողովների շարք անցկացնել առաջիկայում: Կոնկրետ այս աշխատաժողովի առանձնահատկությունն այն է, որ ԵՄ խորհրդատվական խմբի փորձագետները ոչ միայն զուտ վերապատրաստում են մասնակիցներին, այլեւ վերջիններիս պատրաստում են որպես դասախոսներ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ձեռք բերած նոր փորձն ու գիտելիքները փոխանցեն իրենց աշխատակիցներին»,- ասել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը:
ԵՄ խորհրդատվական խմբի ներկայացուցիչները նշել են, որ այս դասընթացների կազմակերպմամբ ոչ մի ենթադրություն չեն կատարում Հայաստանի մաքսային համակարգի աշխատակիցների ծառայողական պատշաճ վարքագծի ու էթիկայի մակարդակի վերաբերյալ եւ նպատակ ունեն միայն նպաստել մաքսային մարմինների կողմից արդեն իսկ սկիզբ դրված բարեփոխումներին: Նրանք միաժամանակ վստահեցրել են, որ վերջին մի քանի ամիսներին մաքսային ծառայությունն առաջ է գնացել շատ արագ քայլերով: Ծավալուն աշխատանքներ են իրականացվել հատկապես մաքսային վարչարարության բարելավման ուղղությամբ, որի շրջանակներում նախորդ տարվա նոյեմբերին ընդունվել է «Մաքսային ծառայողի էթիկայի կանոնների մասին» որոշումը: Վարքագծի կանոնները, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, փակցվել են բոլոր մաքսատներում ու մաքսակետերում, որպեսզի նաեւ քաղաքացիները տեղեկացված լինեն, թե ինչպիսի պահվածք պետք է ակնկալեն մաքսային ծառայողից:
«Կոմիտեի ղեկավարությունը խիստ հետեւողական է, որպեսզի մաքսավորներն իրենց աշխատաոճում շարժվեն այդ կանոններով, խուսափեն ծառայողական դիրքի չարաշահումից, այլապես կենթարկվեն պատասխանատվության»,-ասել է նա:
Ըստ Ա. Շաբոյանի` ծառայողական դիրքի չաւրաշահումները բացահայտելու նպատակով նախորդ տարվա օգոստոսից մինչ օրս անցկացված ծառայողական քննությունների արդյունքում համակարգի 46 աշխատակից ենթարկվել է պատասխանատվության: Նրանցից 9-ը հեռացվել է համակարգից, 10-ին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ 25-ին` նկատողություն:
«Ծառայողական պատշաճ վարքագծի ռիսկերի գնահատման եւ կառավարման վերաբերյալ» աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում առկա մաքսային ընթացակարգերի մասին մասնակիցների փորձն ու գիտելիքները, աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել փոքր խմբերով` փորձելով վեր հանել համակարգի ուժեղ եւ թույլ կողմերը, դիտարկել համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հնարավորությունները, նկարագրվել են ծառայողական պատշաճ վարքագծի ապահովման այն ուղիներն ու միջոցները, որոնց շնորհիվ կարելի է հասնել կազմակերպչական ավելի լավ արդյունքների:
Ինչպես նշել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, այս սեմինարի նպատակը փորձի փոխանակումն է` մաքսային համակարգին առնչվող մի շարք ռիսկերի կառավարման ոլորտում: «Կարեւոր է իմանալ, թե ինչպես կառավարել հատկապես կոռուպցիոն ռիսկերը, ինչը բավականին բարդ խնդիր է. անհրաժեշտ է ուսումնասիրել մաքսային համակարգի եւ հասարակության միջեւ բոլոր փոխհարաբերությունները: Մեր փորձագետներն ուսումնասիրել են ՀՀ մաքսային ծառայողների վարքագծի պահանջները եւ համոզվել, որ դրանք համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Պարզապես այժմ պետք է մտածել այն խնդրի ուղղությամբ, թե ինչպես այդ պահանջներն իրականություն դարձնել»,-նշել է նա:
Կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված այս եւ մնացած միջոցառումները նախատեսված են Եվրոպական հարեւանության քաղաքականության ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի 4-րդ առաջնային ոլորտի համաձայն, որի նպատակը հարկային ու մաքսային վարչարարության ուժեղացումն է` որպես բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների լայն շրջանակի մի մաս: Այս միջոցառումներին ԵՄ խորհրդատվական խումբն իր աջակցությունը ցուցաբերում է վերապատրաստման այնպիսի դասընթացներով, որոնց հիմքում դրված է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի անցումային երկրների առաջավոր փորձը: