ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԵՆ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎ ԿՈՇՏ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԵԼ
Պարենային հիմնական 46 ապրանքների գները Թուրքիայում ավելի բարձր են, քան Հայաստանում: Միայն 6-7 ապրանքների մասով են մեզ մոտ գներն ավելի բարձր: Այնտեղ ավելի բարձր է օրինակ մսի գինը` 800-1000 դրամով, որքան էլ Թուրքիան ճանաչված է որպես անասնապահական երկիր: Այսօր այս մասին լրագրոների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը` տեղեկացնելով, որ սրանք ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներն են:
Նրա գնահատմամբ` սահմանի բացման դեպքում մտահոգող խնդիր է այն, որ Թուրքիան, լինելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, կարծես անտեսում է վերջինիս սահմանած խիստ պահանջները եւ իր տեղական արտադրողներին պաշտպանելու համար այլ երկրներից ներմուծման պարագայում սահմանել է չափազանց բարձր մաքսատուրքեր: Մինչ Հայաստանն արտահանման եւ ներկրման պարագայում կիրառում է 0-10 տոկոս մաքսատուրքեր, ինչը թույլատրելի է ԱՀԿ կողմից` ինչպես եւ անդամ բոլոր երկրների համար, Թուրքիայում ներկայում օրինակ` ցորենի ներկրման համար սահմանված է 130 տոկոս մաքսատուրք, գինիների համար` մինչեւ 230 տոկոս, մսամթերքի համար` ավելի քան 200 տոկոս, գարեջրի համար` 400 տոկոս: Դա, նրա դիտարկմամբ, նշանակում է, որ այդ շուկա մուտք գործելը դառնում է գրեթե անհնարին: Երբ ՀՀ-ն դարձավ ԱՀԿ անդամ, Թուրքիան մի վերապահումով կողմ քվեարկեց, որ Հայաստանի հետ չի պահպանելու ԱՀԿ կանոնները: Այսինքն` սահմանի բացման դեպքում Թուրքիան կարող է շատ խտրական քաղաքականություն իրականացնել, եթե հետագա բանակցություններում որպես առաջին պայման մենք չդնենք այդ վերապահումը հանելը: «Այս ամենը պետք է նկատի առնվի եւ անհրաժեշտության դեպքում կոշտ քաղաքականություն իրականացվի»,-կարծում է նա` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ մրցակցությունից պետք չէ վախենալ:
Թուրքիայի Արեւելյան եւ Հարավային Անատոլիայի տարածաշրջանի զարգանալու համար, ըստ փոխնախարարի, կարեւոր խթան կլինի Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացումը: Փոխնախարարն այս պարագայում մեծ հնարավորություն է տեսնում Հայաստանից արտահանում իրականացնելու: Այստեղից Անատոլիա կարելի է ներկրել թարմ մրգեր, բանջարեղեն, ինչը որ այնտեղ սուղ է: Ճիշտ է, Թուրքիան արտադրում է խաղող, ծիրան, սակայն ոչ այս տարածաշրջանում: Այնպես որ մեզ համար էլ շուկա կբացվի: Խելամիտ մենեջմենթի արդյունքում մենք լավ արդյունքների կարող ենք հասնել:
Թուրքական էժան արտադրատեսակների մուտքը հայկական շուկա հայ արտադրողներին կսպառնա, եթե Հայաստանի տեղական արտադրողները համահունչ քաղաքականություն չիրականացնեն, եթե չկիրառենք մաքսային եւ ոչ մաքսային այն գործիքները, որոնք կիրառվում են սովորաբար արտահանումը եւ ներկրումը կանոնակարգելիս: «Մենք այսօր այդպիսի բավականին գործիքներ ունենք` ինչ-որ առումով փակելու, ինչ-որ առումով կարգավորելու այդ հոսքը»,-ընդգծեց նա: Այսօր, ըստ էության, այդ հոսքը կա, այն էլ` վաղուց, սակայն այլ երկրների տարածքով: