ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – 2010Թ.-ԻՑ ՀՀ 500 ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀՐԱՊԱՐԱԿԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր` լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով ՀՀ տնտեսություն առկա մենաշնորհային դրսևորումներին վերաբերող հարցին ասել է. «Մենք բավականին երկար ժամանակ խոսում ենք օլիգոպոլիաների մասին, ուզում եմ հիշեցնել, որ մենք այս երեւույթի մասին խոսում էինք ոչ թե 2009-ից սկսած, այլ եթե ծանոթանաք Կենտրոնական բանկի հաշվետվություններին, ապա կտեսնեք, որ վերջին տասը տարիների ընթացքում այս թեման գտնվել է մեր ուշադրության կենտրոնում։ Դրա համար մեր որոշ ընդդիմախոսներ պետք ուշադրություն դարձնեն այդ հանգամանքի վրա, որ սա նոր երեւույթ չէ, որովհետեւ օլիգոպոլիաների առկայությունը բերում է գների կոշտության եւ խանգարում է մրցակցությունը։ Օլիգոպոլիաներ չի նշանակում մոնոպոլիաներ, որովհետեւ բազմաթիվ ոլորտներում մենք ունենք տասնյակ ձեռնարուկություններ, որոնք այդ ոլորտում ապրանքներ, ծառայություններ են մատակարարում, բայց միեւնույն է, մենք արձանագրում ենք, որ այդտեղ կան օլիգոպոլիաներ։ Այս խնդիրը լուծելու համար աշխատանքներ պետք է տարվեն մի քանի ուղղություններով։ Առաջինը ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը պետք է կտրուկ բարելավվի։ Երկրորդը հարկային վարչարարությունն է։ Գաղտնիք չէ, որ այս ոլորտում մենք դեռեւս ունենք լրջագույն չլուծված խնդիրներ։ Եվ մեր թիրախը այստեղ` բարեփոխումների շնորհիվ ստեղծել հավասար մրցակցային պայմաններ։ Երրորդը քաղաքական կոմպոնենտն է, որ քաղաքական գործիչները, պատգամավորները, կառավարության անդամները իրավունք չունեն զբաղվել բիզնեսով, նրանց գործունեությունը պետք է լինի հրապարակային եւ թափանցիկ եւ դրա համար մենք արդեն իրականացնում ենք լուրջ քայլեր օրենսդրական փոփոխությունների առումով։ Եվ չորրորդը, որ, իհարկե կարեւոր է, այն է, որ համապատասխան տրամադրություններ լինեն հասարակության մեջ։ Հենց այս ուղղություններով մենք կհասնենք հաջողության։ Առաջին աննախադեպ միջոցառումը մենք իրականացրել ենք. այն է` 2010 թ-ին խոշորագույն 500 ձեռնարկությունները հրապարակելու են իրենց ֆինանսական հաշվետվությունները` անկախ աուդիտի եզրակացությամբ։ Եվ սա նշանակում է, որ ոչ միայն պետությունը, այլեւ դուք` մասնավոր հատվածը, կարող եք հետեւել ազատ մրցակցային կանոններին` արդյոք մրցակցության ոլորտում կան խնդիրներ, դրանք խորանում են թե՞ ոչ։ Այս ուղղություններով աշխատանքները մեր համոզմամբ մոտակա 3-4 տարիների ընթացքում կտան իրենց դրական արդյունքները»։