
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՔԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Մարտի 1-4-ը ներառյալ Հայաստանում Եվրամիության Խորհրդատվական խումբը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Քաղաքական ու իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հետ համատեղ անցկացրել է 4-օրյա ուսումնական դասընթաց մաքսային ծառայողների համար, որոնք պատասխանատու են հետբացթողումային ստուգման (ՀԲՍ) հսկողությունների և ռիսկերի կառավարման աշխատանքնրեի համար:
Հայաստանի մաքսային ռազմավարության նպատակներին հասնելու գործում խիստ կարևորվում է ռիսկերի արդյունավետ կառավարման դերը, տեղեկատվության և հետախուզական տվյալների հավաքագրումը, որոնց մեծ նշանակություն է տրվում հետաբացթողումային ստուգման աշխատանքների ժամանակ:
Ռիսկերի կառավարման մեթոդոլոգիաներն առավել մանրամասն ուսումնասիրելու, ռիսկի կառավարման գործառույթներին առնչվող գիտելիքներն առավել խորացնելու նպատակով` Եվրամիության խորհրդատվական խմբի փորձագետները Հետբացթողումային ստուգման հսկողությունների միավորված ուսումնական վերապատրաստումների շարքում ընդգրկել են նաև ռիսկերի կառավարման այս խիստ գործնական դասընթացը: Այդ ընթացքում մաքսային ծառայողներին պարզաբանվել են արդի մաքսային վարչարարությունում ռիսկերի կառավարման մեթոդոլոգիայի կիրառման հիմքերը, մասնավորապես, կապված տնտեսվարողի ընտրության, այցի կամ ստուգման պլանավորման և այցին հաջորդող գործողությունների ձեռնարկման հետ: Դասընթացի ամփոփմանը ներկա ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, կարևորելով համագործակցությունը ԵՄ խորհրդատվական խմբի փորձագետների հետ, հավաստիացրել է, որ կոմիտեն կձեռնարկի հնարավորը` այդ համագործակցությունը մշտական դարձնելու և առավելագույն արդյունքի հասնելու համար. "Ընդհանուր առմամբ, մեր խնդիրը մաքսային ընթացակարգերը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելն է, և այդ առումով ևս կարևորվում է այս ծրագիրը: Նշեմ, որ մոտ ապագայում մաքսային բրոքերների, առևտրի ներկայացուցիչների և մաքսային ծառայության պաշտոնյաների համար նախատեսվում է անցկացնել դասընթացներ սահմանային կառավարման ընթացիկ ծրագրերի վերաբերյալ, ինչը հնարավորություն կընձեռի բոլոր շահագրգիռ կողմերին կառուցողական քննարկումներ անցկացնել օրենսդրական, ընթացակարգային, կազմակերպչական և պատշաճ վարքագծի կանոններին վերաբերող բարեփոխումների վերաբերյալ":
Դասընթացի ընթացքում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել աշխատել մաքսայինից վերցված "կենդանի" տվյալների հետ` հասկանալու համար, թե ինչպես կարելի է դրանք օգտագործել` ստուգման նպատակով տնտեսվարողների ցանկը պատրաստելու համար, նաև` ստուգողներին հնարավորություն է տրվել որոշել, թե որ տնտեսվարողների համակարգերն են հնարավոր ռիսկ ներկայացնում, որոնք և հետևաբար անհրաժեշտ է վերահսկել:
"Ռիսկերի կառավարման վրա հիմնված հսկողությունը մաքսայինում ներդրվել է անցյալ տարվանից: Այսօր մեր նպատակն է` դրա վրա կառուցել ամբողջ մաքսային հսկողության համակարգը, այսինքն` ռիսկերի կառավարումն իրականացնել ոչ միայն հետբացթողումային հսկողության ընթացքում, այլև սկսած սահմանից` այդ թվում նախաբացթողումային հսկողության ժամանակ: Նախատեսում ենք, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում հսկողության ողջ համակարգը կհիմնվի ռիսկերի կառավարման վրա, ինչը կապահովի առավել արդյունավետ հսկողություն",-տեղեկացրել է ՊԵԿ մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ Գառնիկ Միրզոյանը: Հետբացթողումային հսկողության վարչության պետ Սիմոն Սարգսյանն էլ իր հերթին ասել է, որ առաջիկայում նախատեսվող գործնական աշխատանքների ժամանակ պարզորոշ կդառնա, թե դասընթացն անցած մաքսավորները ինչպես են իրացրել ռիսկերի կառավարման վերաբերյալ ստացված գիտելիքները. "Համենայն դեպս, նախնական աշխատանքները ցույց են տվել, որ ռիսկերի կառավարման համակարգն առավել արդյունավետ հսկողություն է ապահովում",- ասել է Ս. Սարգսյանը:
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են վկայականներ: