ՏՄՊՊՀ – «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ»-Ը ԳԵՐԻՇԽՈՒՄ Է ԲՐՆՁԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թ. տվյալների հիման վրա կատարված ուսումնասիրության համաձայն, բրնձի շուկայում գործող 27 տնտեսվարողների կողմից իրացման ծավալը կազմել է 9 816 836,3 կգ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Ալեքս-Գրիգը»` 33,6 տոկոս, «Արմեն-Համիկ եղբայրները»` 15,1 տոկոս և «Ինվեստ Ինտորգը»` 14,1 տոկոս մասնաբաժիններով: Հանձնաժողովի 2008 թվականի որոշմամբ, «Կարի Թով» և «Մոկոնաթ» ընկերություններն, ունենալով գերիշխող դիրք, գրանցվել էին գերիշխողների գրանցամատյանում: Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, Հանձնաժողովի որոշմամբ «Կարի Թով» և «Մոկոնաթ» ընկերությունները գերիշխող դիրքը կորցրած են ճանաչվել և հանվել գրանցամատյանից: Հանձնաժողովի նույն որոշմամբ «Ալեքս-Գրիգ» ընկերությունը գրանցվել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում):