
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ
Հարկ վճարողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պարբերաբար տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում Երևան քաղաքի և մարզերի տարածքային հարկային տեսչություններում: Հանդիպումների այդպիսի մի շարք էլ մեկնարկել է օրերս` անցյալ տարեվերջին ընդունված օրենսդրական փոփոխություններին հարկ վճարողներին ծանոթացնելու նպատակով: Պլանավորված մեկ ու կես տասնյակ հանդիպումներից արդեն կայացել են Աշտարակի, Էջմիածնի, Արաբկիրի, Նոր Նորքի և Էրեբունու հարկային տեսչություններում նախատեսվածները: Այս հանդիպումները, ՊԵԿ-ի բնորոշմամբ` հնարավորություն են ընձեռում գործարարներին մանրակրկիտ ծանոթանալ տարեսկզբից ներդրված օրենսդրական փոփոխություններին, 2012թ.-ի հարկային վարչարարության հիմնական ուղղություններին, պարզաբանումներ ստանալ փոփոխությունների հետ կապված առանձին խնդիրների առնչությամբ: