
ՀԻՄՆԱՅԻՆ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատած, Հայաստանում ցինկի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 16,5%-ով և կազմել 5598 տոննա: Նույն ժամանակահատվածում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 19,3%-ով և կազմել 44953 տոննա:
Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալներն ընթացիկ տարվա առաջին չորս ամսիներին աճել են 9,7%-ով և կազմել 3280 տոննա: Ալյումինի փայլաթիթեղի արտադրության ծավալները կրճատվել են 6,7%-ով և կազմել 8213 տոննա, իսկ ալյումինի գլանվածքի արտադրությունն աճել է 2.1 անգամ և կազմել 8.8 տոննա: