
ԼԱԳԱՐԴԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՇԱՐԺՎԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Քրիստին Լագարդը եվրոպական երկրներին կոչ է արել որքան հնարավոր է շուտ համախմբվել և Եվրագոտու տնտեսական խնդիրների լուծման համար մշակել համընդհանուր կոնկրետ ծրագիր: ԱՄՀ նախագահը նշել է, որ չնայած եվրոպական յուրաքանչյուր երկիր ունի իր տնտեսական առանձնահատկություններն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հաստատել եվրոպական միասնական քաղաքականություն և դրա շրջանակներում սահմանել համընդհանուր սկզբունքներ, որոնցով և կշարժվի եվրոպական յուրաքանչյուր երկիր՝ իր տնտեսական խնդիրները լուծելու ճանապարհին:
Ըստ Լագարդի՝ Իտալիան և Իսպանիան առաջին հերթին պետք է անհապաղ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնեն աշխատանքի շուկայում, իսկ Ֆրանսիայի կառավարությանն անհրաժեշտ է ցուցաբերել առավել հավասարակշռված մոտեցում: