Հարավաֆրիկյան հանրապետության նախագահը Աֆրիկան անվանել է ներդրումային մեծ հնարավորությունների մայրցամաք
Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսան Աֆրիկան անվանել է մեծ ներդրումային հնարավորությունների մայրցամաք՝ մատնանշելով առկա հանքային ռեսուրսների լայն շրջանակը: Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով «Առաջնորդների երկխոսությունը BRICS բիզնես ֆորումում» նստաշրջանում։
«Աֆրիկան մի շարք ոլորտներում արդյունաբերականացման մեծ հնարավորությունների մայրցամաք է: Այս մայրցամաքը հարուստ է կարևոր օգտակար հանածոներով, որոնք կորոշեն 21-րդ դարի տնտեսական հաջողությունները», – ասել է Հարավային Աֆրիկայի նախագահը:
Նա ընդգծել է, որ մայրցամաքում կան լիթիումի, վանադիումի, կոբալտի, պլատինի, պալադիումի, նիկելի, ածխի և այլ օգտակար հանածոների պաշարներ, որոնք անհրաժեշտ են տնտեսության և արդյունաբերության զարգացման համար։
Սակայն, ըստ նրա, աֆրիկյան երկրները հասկացրել են, որ նախապատվությունը կտան այն ներդրողներին, ովքեր ոչ միայն ներդրումներ են կատարում օգտակար հանածոների մշակման մեջ, այլև տեղում վերամշակում են դրանք, որպեսզի աֆրիկյան երկրները արտահանեն ոչ թե հումք, այլ պատրաստի արտադրանք։