Մոլդովայի էներգետիկայի նախարարը խոստացել է փետրվարին նվազեցնել գազի գինը սպառողների համար
Մոլդովայի էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովը հայտարարել է, որ ակնկալում է մինչև փետրվարի վերջ նվազեցնել բնական գազի սակագինը բնակչության համար։
«Անցյալ տարի մենք գազ ենք գնել շատ թանկ գնով, դա ազդել է սպառողների համար գազի միջին արժեքի վրա: Որքան ես հասկացա, «Մոլդովագազն» արդեն պատրաստում է սակագինը նվազեցնել: Դա կլինի առաջիկա շաբաթների ընթացքում: Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալությունը կվերլուծի հարցումը: Կարծում եմ՝ այս որոշումը կկայացվի փետրվարին»,- ասել է Պարլիկովը:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ մինչև տարեվերջ գազի գինը կարող է զգալիորեն աճել, և դա ներառված է վառելիքի տարվա միջին գնի կանխատեսման մեջ, որն արտացոլվելու է սակագնում։
Մոլդովայում արդեն երկրորդ տարին է, ինչ արտակարգ դրություն է գործում էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Գազի սակագինը 2022 թվականին աճել է մոտ յոթ անգամ, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը` չորս անգամ։ Ճգնաժամը բողոքի ցույցեր է առաջացրել՝ պահանջելով նախագահ Մայա Սանդուի և կառավարության հրաժարականը: