ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻՆ
Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը սիրիահայ ոսկերիչներին ներկայացրել է աշխատանքային 2 առաջարկ. ընդունվել աշխատանքի՝ որպես ոսկերիչ, կամ էլ առաջիկա 6 ամիսների ընթացքում անվճար աշխատանքային տարածք վերցնել: Երկրորդ առաջարկի ընդունման պարագայում սիրիահայ ոսկերիչները հնարավորություն կունենան օգտվել նաև գործարանի աշխատանքային գործիքներից, տարատեսակ արտադրամասերից:
Հայաստանում գտնվող սիրիահայ ոսկերիչների հետ կայացած հանդիպման ժամանակ գործարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել օրենսդրական և շուկայագիտական ոլորտների խորհրդատվությամբ: Համագործակցության պարագայում՝ գործարանի կողմից կտրամադրվեն նաև արտաքին շուկաների հնարավորություններն ու կապերը:
Հանդիպման մասնակցող սիրիահայ ոսկերիչները հետաքրքրվել են արտահանման հնարավորություններով, հարցեր բարձրացվել մաքսային ու հարկային օրենսդրության որոշ դրույթների վերաբերյալ:
Շատ մասնագետներ տեղում նախանշել են իրենց առաջիկա անելիքները՝ ընդունելով առաջարկվող տարբերակներից որևէ մեկը: