ԲԱՑՎԵԼ Է «ԿՈՎԿԱՍ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2013» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է տասներորդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կովկաս շինարարություն և վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսը:
Ավանդական դարձած ամենամյա ցուցահանդեսի նպատակն է խթանել մասնակից կազմակերպությունների գործնական կապերի հաստատմանը, իրացման նոր շուկաների որոնմանը, նպաստել Հայաստանում օտարերկրյա ներդրումների գրավմանը, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը։
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 60 տեղական և արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ, այդ թվում՝ Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից:
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են նաև բանկային ընկերությունները՝ ներկայացնելով հիփոթեքային, բնակարանների վերանորոգման վարկավորման և բանկային այլ ծառայություններ:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: