ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ԿԼԱՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՎ
Գերմանական «Կլաս» ընկերությունը, որը գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների արտադրությամբ Եվրոպայում հայտնի 100-ամյա ընկերություն է, հետաքրքրված է իր արտադրանքը Հայաստանում իրացնելու հնարավորությամբ: Այս մասին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրել են Գերմանիայի տնտեսության Արևելյան Հանձնաժողովի պատվիրակության անդամներ՝ «ԿԼԱՍ» ընկերության արտահանման գծով տարածաշրջանային փոխտնօրեն Ռայներ Թաուշերը, Գերմանական Բիզնես Ասոցիացիայի տնօրեն Պատրիկ Յունգը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան քարտուղար Կոնստատնտին Ցելենտը:
Նրանք նշել են, որ ԱՊՀ տարածքում արդեն որոշակի հետաքրքրություն կա իրենց արտադրանքի նկատմամբ, և այս առումով իրենք կցանկանային համագործակցել նաև Հայաստանի հետ:
Նրանց հետաքրքրել է նաև համագործակցությունը բուհական հաստատությունների հետ` գյուղատնտեսության համար որակյալ մասնագետների պատրաստման հարցերում օժանդակելու նկատառումներով:
Հանդիպման շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը և նշել, որ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի թարմացումն այսօր խիստ արդիական է Հայաստանում: Այս ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում մի շարք երկրների հետ, ուստի «Կլաս»-ի առաջարկը նույնպես հետաքրքիր է:
«Առաջարկը կուսումնասիրվի, և ձեռքբերման ու ներկրման ընդունելի պայմանների պարագայում հնարավոր կլինի սկիզբ դնել նոր համագործակցության», – նշել է նախարարը՝ առաջարկելով սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան տեղեկատվություն ընկերության արտադրանքի մասին: