
AMX-ը հաջողությամբ հյուրընկալեց տարածաշրջանային կապիտալի շուկաների ամենամեծ միջոցառումներից մեկը․ ConFEAS 2025-ը Երևանում է
2025թ. մայիսի 30-31-ին Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) Եվրո-Ասիական կապիտալի շուկաների միության (FEAS) հետ համատեղ Երևանում հյուրընկալել են տարածաշրջանի կապիտալի շուկաների գլխավոր համաժողովը՝ ConFEAS 2025-ը։ Համաժողովն անցկացվել է Երևանի սրտում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։
Այս տարվա համաժողովը առանձնահատուկ է՝ նշանավորելով FEAS-ի գործունեության 30-ամյակը։ Նախկինում համաժողովն անց է կացվել Աբու Դաբիում, Բուխարեստում, Երևանում և Սամարկանդում: Հոբելյանական միջոցառման համար այս տարի ևս ընտրվել է Երևանը՝ որպես համաժողովի հյուրընկալող քաղաք և Միության քարտուղարության նստավայր։ Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան, որպես FEAS-ի հիմնադիր անդամներ, հանդես են եկել որպես միջոցառման հյուրընկալող կողմեր։
Համաժողովը այս տարի իր շուրջն է համախմբել ավելի քան 200 ոլորտային մասնագետների տարածաշրջանի տարբեր ֆինանսական կառույցներից` բորսաներից, դեպոզիտարիաներից, բանկերից, ներդրումային ընկերություններից և միջազգային այլ ֆինանսական կազմակերպություններից։ Համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել կապիտալի շուկաների արդի միտումները, մարտահրավերներն ու նորությունները՝ ստեղծելով փորձի փոխանակման, ոոլորտային քննարկումների և նոր համագործակցությունների հաստատման առաջադեմ հարթակ։
Կարևոր ուղերձներով հանդես եկան նաև Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, ով ընդգծեց AMX խմբի կարևոր դերը Եվրոպական միության և Մերձավոր Արևելքի միջև կապող կամուրջ հանդիսանալու հարցում, FEAS-ի խորհրդի նախագահ Ռադու Հանգան, գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը՝ նշելով ConFEAS 2025-ի դերը տարածաշրջանային ֆինանսական ոլորտի միավորող հարթակ դառնալու գործում։
Երկօրյա համաժողովի առանցքում չորս թեմատիկ պանելային քննարկումներն էին, որոնք համախմբել էին տարբեր երկրների ֆինանսական ոլորտի ավելի քան 30 առաջատար խոսնակների։ Նրանց թվում էին Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Անի Մակարյանը, բորսայի և դեպոզիտարիայի խորհրդի անդամները, ինչպես նաև Վարշավայի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Թոմաշ Բարդժելովսկին։ Որպես Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր բաժնետեր՝ Վարշավայի ֆոնդային բորսան հանդիսանում է երկարամյա ռազմավարական գործընկեր, որն իր փորձով ու ներուժով աջակցում է հայկական կապիտալի շուկայի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը։ Նրա ներկայությունն ընդգծեց Հայաստան–Լեհաստան գործընկերության նշանակությունն ու համագործակցության խորացման հեռանկարները։ Բանախոսների թվում էին նաև ներկայացուցիչներ Աբու Դաբիի, Բուխարեստի, Մուսկաթի, Ղազախստանի և Աստանայի ֆոնդային բորսաներից՝ ընդգծելով համաժողովի աշխարհագրական ընդգրկվածությունը։
Համաժողովի ընթացքում անցկացվեցին չորս թեմատիկ պանելային քննարկումներ․
- Կապիտալի շուկաների զարգացման ապագա ուղիները
- Քլիրինգի և վերջնահաշվարկի նոր միտումները
- Tabadul հարթակը՝ որպես տարածաշրջանային համագործակցության նոր գործիք
- Ֆինանսական միջնորդության միտումները կապիտալի շուկայում և այլ թեմաներ։
ConFEAS 2025-ի շրջանակում ևս մեկ նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ։ Հայաստանի ֆոնդային բորսան պաշտոնապես միացավ Tabadul տարածաշրջանային թվային բորսայական հարթակին։ Այս քայլով Հայաստանը միանում է տարածաշրջանային կապիտալի շուկաների ինտեգրման կարևոր գործընթացին՝ կապելով Հայաստանի կապիտալի շուկան տարածաշրջանի և միջազգային ներդրողների լայն ցանցին։ Նշանակալի է, որ արդեն մայիսի 30-ին հաջողությամբ իրականացվել է առաջին գործարքը Tabadul հարթակում, ինչը նշանակում է, որ Հայաստանի ու Աբու Դաբիի շուկայի մասնակիցներ (Հայաստանից՝ Կոնվերս բանկ, Մետա Իքս ներդրումային ընկերություն, Աբու Դաբիից՝ Ալ Ռամզ ներդրումային ընկերությունը) միացել են միմյանց բորսաներին՝ փոխադարձաբար հասանելի դարձնելով շուկաները։ Հայաստանյան ներդրողները հնարավորություն կունենան ներդրումներ անել Աբու Դաբիի բորսայում հասանելի արժեթղթերում։ Tabadul հարթակին անդամակցությունը կխթանի երկկողմ առևտուրը հարթակի անդամ բորսաների միջև, կընդլայնի ռազմավարական գործընկերությունները և համագործակցության նոր ուղիներ կստեղծի։ Տարածաշրջանային այս համագործակցությունը կնպաստի կապիտալի շուկաների սերտաճմանը և տեխնոլոգիական ընդլայնմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ ներդրումները դեպի Հայաստան բերելու համար։
Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև մշակութային միջոցառում, որը կընդգծի Հայաստանի ազգային ժառանգությունը, ինչպես նաև հատուկ արտագնա նեթվորքինգ օր՝ նպատակ ունենալով ամրապնդել մասնակիցների միջև գործընկերային կապերը նաև ոչ պաշտոնական միջավայրում՝ ձևավորելով համագործակցության նոր հեռանկարներ։
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։