ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ – ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Կառավարությունը որոշել է հիմնադրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամ եւ հաստատել է դրա կանոնադրությունը։ Որոշումն ընդունվել է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաեւ ղեկավարվելով ՀՀ-ի եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2008թ. հունվարի 8-ին ստորագրված եւ մարտի 18-ին ԱԺ-ի կողմից վավերացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի դրույթներով։ Նորաստեղծ հիմնադրամի նպատակը` Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման միջոցով աղքատության նվազեցումն է։ Հիմնադրամի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների եւ գյուղատնտեսության նախարարներին` հիմնադրամի պետական գրանցումից հետո, ՀՀ կառավարության անունից որպես հիմնադրման կամավոր գույքային վճար հիմնադրամին հատկացնել «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի միջոցները (243 մլն 874.4 հազար դրամ), ինչպես նաեւ հիմնադրամի հետ կնքել ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված սուբսիդավորման համաձայնագիր։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է նաեւ` 10-օրյա ժամկետում ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը։