
ԱՄՆ-ն ու Միացյալ Թագավորությունը տեխնոլոգիական բարգավաճման գործարք են կնքել
ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են «Տեխնոլոգիական բարգավաճման գործարք 2025»-ը, որը պատմական համաձայնագիր է և նպատակ ունի ձևափոխել նոր սերնդի տեխնոլոգիաների ու ներդրումների ապագան։ Գործարքի շրջանակում ամերիկյան ներդրումները դեպի Թագավորության տեխնոլոգիական ոլորտ կկազմեն շուրջ 150 մլրդ ֆունտ ստեռլինգ (204 միլիարդ դոլար)։ Սա ՄԹ պետական այցի ժամանակ երբևէ ձեռք բերված ամենամեծ առևտրային փաթեթն է։ Համաձայնագրի իրականացման մեջ ներգրավված են աշխարհի մի շարք առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Microsoft-ը, Nvidia-ն, Google-ը և այլն։
Նոր համագործակցությունը կընդգրկի արհեստական բանականության, քվանտային համակարգչային տեխնոլոգիաների, միջուկային էներգետիկայի, տեխնոլոգիական ենթակառուցվածքների և կարգավումների ոլորտները։ Կառավարությունները հայտնում են, որ սա առանցքային քայլ է՝ տնտեսական աճի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման և տեխնոլոգիական առաջնորդության ամրապնդման ուղղությամբ։
Արհեստական բանականությունը գործարքի առանցքային ուղղությունն է։ Երկու երկրները համատեղ կմշակեն ԱԲ մոդելներ, որոնք առաջ կմղեն առողջապահության ոլորտը՝ նոր դեղամիջոցների հայտնաբերման ու քաղցկեղի բուժման նորարարական մոտեցումներով։ Կխորանա քվանտային համակարգիչների ոլորտում համագործակցությունը, իսկ քաղաքացիական միջուկային ծրագրերը կուղվեն առաջադեմ մաքուր էներգետիկ համակարգերի զարգացմանը։
Գործարքի կարևոր բաղադրիչ է նաև ենթակառուցվածքների զարգացումը։ Կկառուցվեն նոր տվյալների կենտրոններ, սուպերհամակարգիչներ և ԱԲ հաբեր, որոնք կխթանեն հետազոտությունների առաջընթացը։ Միևնույն ժամանակ, պետություններն ավելի սերտ կաշխատեն տեխնոլոգիական կարգավորումներն առավել մոտեցնելու ուղղությամբ։
Microsoft-ը հանդես է գալիս 22 մլրդ ֆունտ ստեռլինգ (30 մլրդ դոլար) ներդրումով ՝ ՄԹ արհեստական բանականության ոլորտում: Սա ներառում է Էսեքսում կառուցվող սուպերհամակարգչի նախագիծը։ Nvidia-ն ընդլայնում է համագործակցությունը բրիտանական ընկերությունների հետ։ Google-ը ևս պարտավորվում է ֆինանսավորել Մեծ Բրիտանիայի ԱԲ ենթակառուցվածքների զարգացումը։ OpenAI-ը մեկնարկում է համատեղ նոր ծրագրեր։ Իսկ ներդրումային հսկա Blackstone-ը պարտավորվում է ներդնել 90 մլրդ ֆունտ ստեռլինգ (122 մլրդ դոլար) առաջիկա տասնամյակում։ Գործարքին միացել են նաև այլ ամերիկյան ընկերություններ, այդ թվում՝ CoreWeave-ը։
Ակնկալվում է, որ համաձայնագիրը կունենա նշանակալի ազդեցություն։ Միացյալ Թագավորությունում կստեղծվի շուրջ 15 հազար աշխատատեղ, իսկ ԱՄՆ-ում՝ 2.500։ Համագործակցությունը կուժեղացնի էներգետիկ անվտանգությունը և կխթանի տնտեսական աճը երկու երկրներում։
Պաշտոնյաները նշում են, որ «Տեխնոլոգիական Բարգավաճման Գործարք 2025»-ը կարող է դառնալ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր նախատիպ։ Մեծ Բրիտանիան այս քայլով նպատակ ունի հաստատվել որպես արհեստական բանականության, քվանտային համակարգչային և մաքուր էներգիայի համաշխարհային կենտրոն։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։