
Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մայիսից աճել է
Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը, մայիսին ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, տարեկան կտրվածքով աճել է 35%-ով, այդ թվում՝ Ռուսաստանի արտահանումը՝ 50%-ով: Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակի հետ հանդիպման ժամանակ։
Այս մասին հայտնում է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։
«Արդեն այսօր մենք տեսնում ենք համաձայնագրի իրականացման դրական արդյունքը․ դրա գործադրման առաջին եռամսյակի ընթացքում ռուս-իրանական ապրանքաշրջանառությունն աճել է 35%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտահանումը Իրան աճել է 50%-ով։ Եվ այս ցուցանիշները դեռ վերջնական չեն», – նշել է Ռեշետնիկովը։
Նախարարի կարծիքով՝ համաձայնագրի հետագա արդյունավետ գործարկման համար հատուկ ուշադրություն պետք է դարձնել տեխնիկական կարգավորման համակարգերի, սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցառումների համաժամեցմանը, մաքսային վարչարարության պարզեցմանը, էլեկտրոնային առևտրի զարգացմանը և թվային հարթակների ստեղծմանը։
Սեյեդ Մոհամմադ Աթաբակը կողմ է արտահայտվել փոխհաշվարկների անխափան համակարգի զարգացմանը, ստանդարտների մերձեցմանը և համագործակցության ընդլայնմանն արդյունաբերության առաջնահերթ ճյուղերում։