ԵՄ-ն ցանկանում է ներդրումների միջոցով հասանելիություն ստանալ Ավստրալիայի հազվագյուտ մետաղներին
ԵՄ-ն նախատեսում է ներդրումներ կատարել Ավստրալիայի հանքարդյունաբերական ընկերություններում՝ Չինաստանի և ԱՄՆ-ի հետ մրցակցության պայմաններում հազվագյուտ մետաղներին հասանելիություն ապահովելու համար։ Այս մասին Bloomberg-ին հայտնել է ԵՄ առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։
Շեֆչովիչի խոսքով՝ եվրոպական ներդրումները կարող են ներառել ավստրալական ընկերությունների բաժնետոմսերի ձեռքբերում, ԵՄ առանձին երկրների կառավարությունների կողմից հումքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի կնքում, կամ էլ հազվագյուտ մետաղների արդյունահանման համատեղ նախագծերի ֆինանսավորում։ Եվրոպական ներդրումային բանկը կարող է հանդես գալ որպես ներդրումների աղբյուր՝ Ավստրալիայի հանքարդյունաբերական ոլորտի համար։
Ավելի վաղ Շեֆչովիչը հանդիպել էր Ավստրալիայի առևտրի նախարար Դոն Ֆարելին և ռեսուրսների ու Հյուսիսային Ավստրալիայի նախարար Մեդլեյն Քինգին՝ քննարկելու Ավստրալիայի հանքային հումքի մատակարարումները ԵՄ երկրներ։
«Խոսքը վերաբերում է ամեն ինչին՝ հումքի մշակման, մաքրման ու վերամշակման գործընթացներից մինչև կենսական նշանակություն ունեցող հանքանյութերի օգտագործումը»:
Bloomberg-ը նշում է, որ ներկայումս հազվագյուտ մետաղների շուկայի առաջատարներից մեկը Չինաստանն է, իսկ այդ մետաղներն ակտիվորեն օգտագործվում են պաշտպանական արդյունաբերությունում և կիսահաղորդիչների արտադրությունում։ ՉԺՀ-ից հետ չմնալու նպատակով՝ 2025-ի հոկտեմբերին ԱՄՆ-ն Ավստրալիայի հետ ստորագրել է համաձայնագիր՝ ավստրալիական հանքարդյունաբերական ընկերություններում ներդրումներ կատարելու վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ գրել էր Financial Times-ը, ԵՄ-ում նախատեսում են ստեղծել մի մարմին, որը կհամակարգի կենսական նշանակություն ունեցող հանքանյութերի ձեռքբերումը և պահեստավորումը, որպեսզի թույլ չտրվի իրավիճակ, երբ դրանց բոլոր աղբյուրները կհայտնվեն ԱՄՆ-ի և Չինաստանի վերահսկողության տակ։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Չինաստանից կախվածությունը ԵՄ երկրների համար վտանգում է նրանց զինված ուժերի վերազինման ծրագրերը։
