Հնդկաստանում ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է արել բողոքել ԱՄՆ-ի հետ նախատեսվող համաձայնագրի դեմ
Հնդկաստանում ընդդիմությունը կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ բողոքի ակցիաների՝ Դելիի և Վաշինգտոնի միջև նախատեսվող առևտրային համաձայնագրի դեմ: Այս մասին գրում է The Economic Times-ը։
Ընդդիմության կարծիքով՝ համաձայնագրի կնքումը կարող է էական վնաս հասցնել հնդկական գյուղատնտեսությանը։ Այս դիրքորոշմանը համաձայն են նաև ֆերմերների արհմիությունները։
«Մենք մտահոգված ենք Հնդկաստանի և ԱՄՆ-ի առևտրային գործարքով։ Այն վնաս կհասցնի հնդիկ ֆերմերներին, որոնք ավելի խոցելի վիճակում են, քան իրենց ամերիկացի գործընկերները», – հայտարարել է արհմիության առաջնորդներից Ռակեշ Տիկայթը։
«Հնդկական ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցությունում համաձայնագիրը բնութագրել են որպես «լիակատար կապիտուլյացիա» երկրի ազգային շահերի պաշտպանության պայքարում։
Հնդկաստանի կառավարությունում հանդես են եկել առևտրային գործարքի պաշտպանությամբ՝ նշելով, որ դրա շրջանակում հնդիկ ֆերմերների իրավունքները պաշտպանված են։ Բացի այդ, համաձայնագիրը բացառում է հացահատիկային մշակաբույսերի, օրինակ, բրնձի և կորեկի ներմուծման հնարավորությունը։ Երկրի իշխանությունները նաև նշել են, որ հնդկական սուրճի, թեյի, համեմունքների և բրնձի արտադրողները կստանան առանց մաքսատուրքի մուտք ամերիկյան շուկա։
Անցած շաբաթ Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը հայտարարել է, որ Հնդկաստանն ու ԱՄՆ-ն գրեթե ավարտել են առևտրային համաձայնագրի առաջին բաժնի մշակումը։
Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը նշել է, որ իշխանությունները շարունակում են առաջնահերթ համարել երկրի էներգետիկ անվտանգության ապահովումը։ Նրա խոսքով՝ այդ նպատակով կառավարությունը հետևում է էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման ռազմավարությանը՝ հաշվի առնելով շուկայական պայմաններն ու միջազգային իրավիճակը։
