ԵԿԲ նախագահը եվրագոտու համար առևտրային միջավայրը անվանել է բարդ՝ արտաքին քաղաքական անկայունության պատճառով
Եվրագոտու տնտեսությունը 2026 թվականին կաջակցվի սպառողական ծախսերի և ներդրումների աճով, սակայն արտահանողները շարունակում են բախվել խոչընդոտների և անորոշության: Այս մասին հայտարարել է ԵԿԲ նախագահ Քրիստին Լեգարդը։
«Առևտրային միջավայրը մնում է բարդ՝ մաքսատուրքերի բարձրացման, եվրոյի արժևորման և գլոբալ քաղաքականության շարունակվող տատանողականության պատճառով», – նշել է նա։
Անցած շաբաթվա վերջում ԱՄՆ Գերագույն դատարանը անօրինական է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ 2025 թվականին ապրանքների ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ։ Դատարանը եզրակացրել է, որ 1977 թվականին ընդունված «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքը նախագահին նման մաքսատուրքեր սահմանելու իրավասություն չի տալիս։ Ի պատասխան՝ Թրամփը սահմանել է 10% մաքսատուրք բոլոր երկրներից ապրանքների ներմուծման համար։ Այս անգամ նա կիրառել է 1974 թվականի առևտրի մասին օրենքի դրույթներից մեկը, որը թույլ է տալիս նման մաքսատուրքեր սահմանել մինչև 150 օր ժամկետով։
ԵՄ-ից ԱՄՆ արտահանումն անցած տարի աճել է մինչև 554 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա 536 միլիարդ եվրոյի համեմատ, չնայած ամերիկյան նոր մաքսատուրքերին, որոնք բազմաթիվ եվրոպական ապրանքների համար կազմում են 15%։ Սակայն արտահանման աճը պայմանավորված է եղել տարվա առաջին ամիսների բարձր ակտիվությամբ, երբ ամերիկյան ընկերություններն ակտիվորեն ավելացրել են գնումները՝ պահեստները համալրելու նպատակով մինչև մաքսատուրքերի բարձրացումը: Այս մասին նշում է The Wall Street Journal-ը։ Տարվա ընթացքում արտահանման աճի տեմպերը դանդաղել են։
Պատասխանելով Եվրոպական խորհրդարանում արհեստական բանականության վերաբերյալ հարցին՝ Լագարդը նշել է, որ ԵԿԲ-ն ուշադիր կհետևի, թե ինչպես է ԱԲ տեխնոլոգիաների ներդրումը անդրադառնում աշխատաշուկայի վրա։ Նա ընդգծել է, որ այս ոլորտում խոշոր ներդրումներն ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում, արդեն տեսանելի արդյունքներ են տալիս, սակայն զբաղվածության վրա դրանց ազդեցությունը դեռևս չի դիտարկվում։
«Ներկայում հետազոտությունները ցույց են տալիս, որ խոշոր ներդրումները հանգեցնում են արտադրողականության որոշակի աճի: Սակայն մենք դեռ չենք տեսնում ազդեցություն աշխատաշուկայի վրա, ինչպես նաև այն զանգվածային կրճատումները, որոնցից բոլորը վախենում էին», – ասել է ԵԿԲ նախագահը:
