ԵՄ-ում էլեկտրամոբիլների միջին գինն առաջին անգամ նվազել է՝ 2020 թվականից ի վեր
ԵՄ-ում էլեկտրական ավտոմեքենաների միջին արժեքը նվազել է վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ։ Այս մասին նշվում է Transport & Environment բնապահպանական կազմակերպության վերլուծության մեջ։
Հետազոտության տվյալներով՝ 2025 թվականին ԵՄ-ում էլեկտրամոբիլների միջին գինը նվազել է մոտ 1 800 եվրոյով (-4%)՝ հասնելով 42 700 եվրոյի։ Հիմնական պատճառը դարձել է ավելի մատչելի B դասի մոդելների հայտնվելը։ Այս դասում մարտկոցով աշխատող էլեկտրամեքենաների միջին գինը նվազել է 13%-ով։
Որպես մատչելի մոդելների օրինակներ վերլուծաբանները նշում են Citroën ë-C3 և Renault 5 E-Tech մոդելները, որոնք ավտոարտադրողները շուկա են բերել՝ համապատասխանելու համար ԵՄ-ի նախնական նպատակներին՝ մինչև 2025 թվականը ավտոպարկերի CO₂ արտանետումների կրճատմանը։ Ավելի ուշ այդ պահանջները մեղմացվել են․ այժմ դրանք հաշվարկվում են որպես 2025-2027 թվականների երեք տարվա միջին ցուցանիշ։
Transport & Environment-ի գերմանական բաժնի ղեկավար Սեբաստիան Բոկի խոսքով՝ CO₂ արտանետումների չափանիշները դրական ազդեցություն են ունենում թե՛ կլիմայի, թե՛ գնորդների ֆինանսների վրա։ Նրա կարծիքով՝ եթե պահպանվեն 2030 թվականի նպատակները, ապա նոր էլեկտրամեքենաները շուտով կարող են ավելի էժան դառնալ, քան ներքին այրման շարժիչով ավտոմեքենաները։
2025 թվականի գների նվազումը հակադրվում է նախորդ տարիների միտմանը։ 2020-2024 թվականներին էլեկտրամեքենաների միջին արժեքը աճել էր մոտ 5000 եվրոյով։ Դա պայմանավորված էր նրանով, որ արտադրողները կենտրոնացել էին ավելի մեծ և շահավետ մոդելների վրա։
Այդպիսի մոդելներից են՝ Audi Q4 e-tron, Audi e-tron GT, Volkswagen ID.4, Volkswagen ID.5, Volkswagen ID.7, BMW iX, BMW i4, BMW i7, Mercedes-Benz EQE, Mercedes-Benz EQS և Porsche Taycan։
Ներկայումս ավտոարտադրողները պատրաստում են ավելի մատչելի նոր մոդելներ։ Մասնավորապես՝ Volkswagen ID. Polo և Cupra Raval, ինչպես նաև կոմպակտ քրոսովերներ Volkswagen ID. Cross և Skoda Epiq։ Volkswagen ID. Polo-ի մեկնարկային գինը սպասվում է մոտ 25 000 եվրո, մինչդեռ մյուս մոդելները կլինեն փոքր-ինչ թանկ։
Transport & Environment-ի գնահատմամբ՝ դեռ 2024 թվականին D և E սեգմենտների էլեկտրամեքենաները հասել են գնային հավասարության ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների հետ։ A, B և C սեգմենտների համար դա կարող է տեղի ունենալ մինչև 2030 թվականը, եթե արտադրողները շարունակեն նվազեցնել ինքնարժեքը և այդ խնայողությունները փոխանցել գնորդներին։
Սակայն այս գործընթացը կարող է դանդաղել, եթե ԵՄ-ն մեղմացնի 2030 թվականի CO₂ արտանետումների պահանջները։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ այդ դեպքում ԵՄ-ում էլեկտրամեքենաների միջին գինը կարող է լինել մոտ 2 300 եվրոյով բարձր, քան ներկայիս նպատակների պահպանման դեպքում։
Բացի այդ, դա կարող է ազդել էլեկտրամեքենաների տարածման վրա։ Եթե 2030 թվականի CO₂ նպատակները հաշվարկվեն երեք տարվա միջինով, նոր գրանցումների մեջ էլեկտրամոբիլների բաժինը կարող է նվազել 57%-ից մինչև 47%։ Իսկ եթե միջինացումը տարածվի հինգ տարվա վրա, այդ բաժինը կարող է ընկնել մինչև 32%։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

