ՕՊԵԿ+-ը մայիսի 3-ի հանդիպմանը կգնահատի համաշխարհային շուկան նավթով ապահովելու հնարավորությունները
ՕՊԵԿ+ երկրների ներկայացուցիչները, որոնք մասնակցում են նավթի արդյունահանման կամավոր կրճատումներին, մայիսի 3-ին կայանալիք հանդիպման ընթացքում կգնահատեն իրենց հնարավորությունները՝ համաշխարհային շուկան նավթով և նավթամթերքով ապահովելու համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ Կովկասյան ներդրումային ֆորումի շրջանակներում։
«Ներկա իրավիճակում, իհարկե, կարևոր է շուկան ապահովել նավթով և նավթամթերքով։ Դրա համար, հավանաբար, անհրաժեշտ է դիտարկել այն պոտենցիալ հնարավորությունները, որոնք կան», – ասել է Նովակը։
Միևնույն ժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք երկրները նախատեսում են կրկին շուկա դուրս բերել նախկինում կրճատված ծավալների մի մասը։
ՌԴ փոխվարչապետը նաև նշել է, որ իրեն հայտնի չէ՝ արդյոք ԱՄԷ ներկայացուցիչները ծրագրում են մասնակցել հանդիպմանը՝ այդ հարցը ուղղորդելով ՕՊԵԿ-ի քարտուղարություն։
Հիշեցնենք՝ օրերս ԱՄԷ-ն հայտարարել է, որ դուրս է գալիս ՕՊԵԿ-ից:
