
Համաշխարհային բանկը գոհ է Հայաստանում իրականացվող «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի արդյունքից
Համաշխարհային բանկը գոհ է Հայաստանում իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման արդյունքից և հաստատել է երկրորդ ծրագիրը, որը կապահովի այս ծրագրի շարունակականությունը: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի խմբի ղեկավար Նիկոլաս Ահյուսուսը՝ Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Սերգո Կարապետյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությունը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման ողջ ընթացքի նկատմամբ:
«Այս ծրագիրը գյուղացիական տնտեսությունները մեծ ոգևորությամբ են ընդունել, որին ականատես ենք եղել մարզեր այցելելու ժամանակ: Ծրագիրը խթանել է նաև անասնապահության զարգացմանը, որի արդյունքում անասնագլխաքանակի 20 տոկոս աճ է արձանագրվել»,- ասել է նախարարը: