Մարկո Ռուբիոն Հնդկաստանի արտգործնախարարին հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա իրանական նավթի արտահանումը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է իրանական նավթի «անօրինական փոխադրումների» և Իրանի ծովային շրջափակումը խախտելու փորձերի անթույլատրելիության մասին։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Ինչպես նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում, «երկու պաշտոնյաները քննարկել են Հորմուզի նեղուցում վերջին զարգացումները։ Պետքարտուղարը ընդգծել է, որ բոլոր առևտրային նավերը պետք է անհապաղ ենթարկվեն ամերիկյան զինված ուժերի հրահանգներին, որոնք ձգտում են ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը նեղուցում»։
Փաստաթղթում նաև նշվում է. «Նա առանձնահատուկ ընդգծել է, որ ամերիկյան շրջափակման խախտումները և իրանական նավթի անօրինական փոխադրումը չեն հանդուրժվի»։
Ավելի վաղ՝ մի քանի օրվա ընթացքում, Հորմուզի նեղուցի շրջանում Հնդկաստանի քաղաքացիներ տեղափոխող երեք նավեր հարձակումների էին ենթարկվել ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից։ Հունիսի 8-ին փրկվել էին Պալաուի դրոշի ներքո նավարկող տանկերի անձնակազմի 24 հնդիկ անդամներ․ տանկերը հրթիռային հարվածի էր ենթարկվել Օմանի ափերի մոտ։ Հունիսի 9-ին Օմանի ծոցում ԱՄՆ զինված ուժերը հարձակվել էին Պալաուի դրոշով նավարկող Settebello տանկերի վրա, որի վրա եղել էին 24 հնդիկ նավաստիներ․ 21 մարդ փրկվել էր, երեքը զոհվել էին։ Հունիսի 11-ին տեղեկություն էր ստացվել Գվինեայի դրոշի ներքո նավարկող MT Jalveer առևտրային նավի վրա հարձակման մասին, որի հետևանքով նավում հրդեհ էր բռնկվել։ Անձնակազմի բոլոր 20 հնդիկ անդամները փրկվել էին։
Հնդկաստանի ԱԳՆ-ն ամերիկյան կողմին փոխանցել է իր դիրքորոշումը՝ առևտրային նավերի վրա հարձակումների անթույլատրելիության վերաբերյալ։ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջեյսոն Միքսը կանչվել էր Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ նրան վճռական բողոք էր ներկայացվել՝ կապված հնդիկ նավաստիներով նավերի վրա ԱՄՆ ռազմածովային ուժերի շարունակվող հարձակումների հետ։
