Սաուդյան Արաբիան ապագայի գերտերությունների շարքում գործընկեր է ընտրել, և դա ԱՄՆ-ն չէ
Իրանի հետ հակամարտությունից հետո Սաուդյան Արաբիան, ըստ ամենայնի, վերաուղղում է իր արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթությունները՝ ԱՄՆ-ից դեպի Չինաստան, գրում է OilPrice.com-ը։ Պարբերականի համաձայն՝ վերջին բարձր մակարդակի հանդիպումները նվիրված են եղել երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության ընդլայնմանը։
Հոդվածում նշվում է, որ առանցքային հանդիպումներից մեկը եղել է Չինաստանի Ազգային էներգետիկ վարչության ղեկավարի տեղակալի և Saudi Aramco-ի վերամշակման գծով նախագահ Մոհամմեդ ալ-Քահթանիի հանդիպումը։ Կողմերը քննարկել են գլոբալ էներգետիկ անվտանգության ամրապնդման, ինչպես նաև նավթագազային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր։
OilPrice.com-ի տվյալներով՝ շփումների ակտիվացումը տեղի է ունենում Էր-Ռիադի կողմից ամերիկյան անվտանգության երաշխիքների նկատմամբ վստահության թուլացման ֆոնին։ Հոդվածում նշվում է, որ Epic Fury գործողության ընթացքում Իրանի հարվածները Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքի կարևոր օբյեկտներին ստիպել են թագավորության ղեկավարությանը կասկածի տակ դնել Վաշինգտոնի՝ իր երկարամյա դաշնակցին արդյունավետ պաշտպանելու կարողությունը։
Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները հիմնված էին 1945 թվականին ձեռք բերված համաձայնության վրա․ Վաշինգտոնը ստանում էր սաուդյան նավթին հուսալի հասանելիություն, իսկ փոխարենը երաշխավորում էր Ալ Սաուդ իշխող դինաստիայի և հենց թագավորության անվտանգությունը։
Սակայն, ինչպես ընդգծվում է OilPrice.com-ի հոդվածում, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման աճը նվազեցրել է Ամերիկայի կախվածությունը սաուդյան մատակարարումներից և թուլացրել այդ դաշինքի հիմքը։ Լրացուցիչ հարված էր նաև 2014-2016 թվականների նավթագնային պատերազմը, որը լրջորեն հարվածել էր ՕՊԵԿ երկրների տնտեսություններին։
Հոդվածում նշվում է, որ այդ ճգնաժամի հետևանքները նպաստել են Սաուդյան Արաբիայում Չինաստանի ազդեցության ուժեղացմանը։ Պեկինը ակտիվորեն կառուցել է հարաբերություններ թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի հետ, հատկապես թագավորության ֆինանսական դժվարությունների շրջանում։ Երբ միջազգային ներդրողները զուսպ արձագանքեցին Saudi Aramco-ի բաժնետոմսերի տեղաբաշխման ծրագրերին, հաղորդվում էր, որ Չինաստանը պատրաստ էր գնել վաճառքի հանված ամբողջ 5% փաթեթը։ Թեև գործարքը այդպես էլ տեղի չունեցավ, այս քայլը, ըստ OilPrice.com-ի, ամրապնդեց վստահությունը Պեկինի և թագաժառանգի միջև։
2017 թվականից հետո Չինաստանի և Սաուդյան Արաբիայի համագործակցությունը զգալիորեն ընդլայնվել է խոշոր ներդրումային, էներգետիկ և ենթակառուցվածքային համաձայնագրերի շնորհիվ։ Թագավոր Սալմանի այցը Չինաստան հանգեցրել է շուրջ 65 միլիարդ դոլարի պայմանագրերի կնքմանը, և միաժամանակ ստեղծվել է 20 միլիարդ դոլարի համատեղ ներդրումային հիմնադրամ։ Սաուդյան իշխանությունները նաև հայտարարել էին ֆինանսական գործարքներում չինական յուանի կիրառման պատրաստակամության մասին, ինչը համահունչ է համաշխարհային տնտեսության՝ ԱՄՆ դոլարից կախվածությունը նվազեցնելու Պեկինի ռազմավարությանը։
2022 թվականին թագավորության ղեկավարությունն արդեն բացահայտորեն Չինաստանն անվանում էր ամենահուսալի էներգետիկ գործընկերներից մեկը և վերահաստատում երկարաժամկետ համագործակցության հանձնառությունը՝ ինչպես չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության, այնպես էլ Saudi Vision 2030 ծրագրի շրջանակում։
Այս բոլոր գործընթացներն արտացոլում են Էր-Ռիադի աճող համոզմունքը, որ ԱՄՆ-ն այլևս անփոխարինելի դաշնակից չէ և դառնում է ընդամենը մի քանի կարևոր գործընկերներից մեկը։ Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք այլ պետություններ, կարծում են, որ Վաշինգտոնը չկարողացավ լիարժեք պաշտպանել իրենց շահերը Իրանի հետ հակամարտության ընթացքում։ Այդ պատճառով առաջիկա տարիներին թագավորությունը, հավանաբար, կշարունակի խորացնել տնտեսական և քաղաքական կապերը Չինաստանի հետ:
