Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փակուղուց դուրս գալու երեք սցենար
Եվրամիությունում քննարկում են առնվազն երեք տարբերակ՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալու համար։ Վերջին շաբաթներին 21-րդ պատժամիջոցների փաթեթի հաստատման գործընթացը կանգ է առել, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Փաթեթի համաձայնեցման հիմնական խոչընդոտը դարձել է Հունաստանի դիրքորոշումը։ Աթենքը դեմ է այն միջոցառումներին, որոնք սահմանափակում են ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) մատակարարումները երրորդ երկրներ՝ եվրոպական ընկերությունների միջոցով։
Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող տարբերակների թվում են այդ սահմանափակումների ուժի մեջ մտնելու 24-ամսյա հետաձգումը, տվյալ դրույթի ամբողջական բացառումը կամ ամբողջ պատժամիջոցների փաթեթի չեղարկումը։
Հնարավոր փոխզիջումներից մեկը գործող պայմանագրերի ժամկետի երկարաձգումն է։ Բացի այդ, Bloomberg-ի զրուցակիցների խոսքով՝ բնական գազի գների սահմանաչափի գործողությունը կարող է երկարաձգվել, նույնիսկ եթե փաթեթի մյուս առաջարկների շուրջ համաձայնություն ձեռք չբերվի։
