ՕՊԵԿ+ երկրները որոշել են սեպտեմբերին նավթի արդյունահանման քվոտաներն ավելացնել օրական 188 հազար բարելով
ՕՊԵԿ+-ի այն յոթ երկրները, որոնք բոլոր մասնակիցների համար սահմանված քվոտաներից բացի կամավոր կերպով լրացուցիչ կրճատում էին նավթի արդյունահանումը (Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Իրաք, Քուվեյթ, Ղազախստան, Ալժիր և Օման), որոշել են սեպտեմբերին նավթի արդյունահանման քվոտաներն ավելացնել օրական 188 հազար բարելով։ Այդ մասին ասվում է ՕՊԵԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։
Այսպիսով, «յոթնյակն» ավարտել է շուկա վերադարձնելու գործընթացն այն ծավալների, որոնք նախկինում կրճատվել էին կամավոր սահմանափակումների երկրորդ փուլի շրջանակում՝ ընդհանուր առմամբ օրական 1.65 մլն բարելով։ Կամավոր կրճատումների առաջին փուլն՝ օրական 2.2 մլն բարել ծավալով, ավարտվել էր 2025 թվականի սեպտեմբերին։
Արդյունքում, մինչև 2026 թվականի ավարտը դաշինքի բոլոր անդամ-երկրների համար կգործեն նախկինում հաստատված քվոտաները՝ առանց լրացուցիչ սահմանափակումների, իսկ ՕՊԵԿ+ դաշինքի ընդհանուր թույլատրելի արդյունահանման մակարդակը կկազմի օրական 36.206 մլն բարել։
Գործարքի առաջատար երկրները՝ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, հաջորդ ամսից կկարողանան ավելացնել արդյունահանումն օրական 62 հազար բարելով՝ համապատասխանաբար հասցնելով այն 10.478 մլն և 9.949 մլն բարելի։
Իրաքը կկարողանա ավելացնել արդյունահանումը օրական 26 հազար բարելով՝ մինչև 4.431 մլն բարել, Քուվեյթը՝ 16 հազար բարելով՝ մինչև 2.676 մլն բարել, Ղազախստանը՝ 10 հազար բարելով՝ մինչև 1.628 մլն բարել, Ալժիրը՝ 6 հազար բարելով՝ մինչև 1.007 մլն բարել, իսկ Օմանը՝ 5 հազար բարելով՝ մինչև 841 հազար բարել օրական։
Չնայած կամավոր կրճատումների վերջին փուլի ավարտին՝ ՕՊԵԿ+-ի «յոթնյակը» կշարունակի անցկացնել ամենամսյա հանդիպումներ։
Հաջորդ նիստը նախատեսված է սեպտեմբերի 6-ին։
