Չինաստանը սահմանում է ավտոմատ վարման համակարգերի անվտանգության չափանիշներ
Չինաստանի արդյունաբերության նախարարությունը հայտարարել է պայմանականորեն ավտոմատացված և բարձր աստիճանի ավտոմատացված վարման համակարգերով հագեցած տրանսպորտային միջոցների համար անվտանգության պարտադիր պահանջների ներդրման մասին։
Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հուլիսի 1-ից։ Դրանք պարտադրում են, որ ավտոմատ վարման համակարգերը ապահովեն անվտանգության մակարդակ, որը չի զիջում որակավորված և ուշադիր վարորդի ապահոված մակարդակին։
Նախարարության հայտարարության համաձայն՝ համակարգերը չպետք է ստեղծեն անհիմն ռիսկեր տրանսպորտային միջոցի ուղևորների կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների անվտանգության համար։
Չափանիշները տարածվում են ավտոմատ վարման 3-րդ և 4-րդ մակարդակի համակարգերով հագեցած տրանսպորտային միջոցների վրա։ 3-րդ մակարդակի համակարգերը պահանջում են, որ վարորդը պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում համակարգի պահանջով վերահսկողությունը վերցնել իր վրա։ 4-րդ մակարդակի համակարգերը կարող են կատարել վարման բոլոր գործառույթներն առանց մարդու մասնակցության՝ շահագործման որոշակի պայմաններում կամ հատուկ սահմանված տարածքներում։
Ավտոմատ կայանման համակարգերը չեն ընդգրկվում այս պահանջների շրջանակում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

