Համաշխարհային նավթի գներն աճել են Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների ֆոնին
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պայմաններում համաշխարհային նավթի գներն աճել են։ Օրերս Կարմիր ծովում և Օմանի ծոցում նավերի վրա իրականացված հարձակումներից հետո նավթի միջազգային գներն աճել են, հաղորդում է CNBC-ն։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են 1.24%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 90 դոլարի, իսկ ամերիկյան WTI նավթի պայմանագրերի գինը բարձրացել է 1.3%-ով՝ մինչև մեկ բարելի դիմաց 84.3 դոլար։
Համաշխարհային ծովային առևտրային երթուղիների անվտանգության վերաբերյալ մտահոգություններն ուժեղացել են այն բանից հետո, երբ վերջերս Բաբ էլ-Մանդեբի նեղուցում բեռնատար նավի վրա հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ։ ԱՄՆ զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել կոնտեյներատար նավին, որը փորձում էր Օմանի ծոցով ճեղքել ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը։ Այս միջադեպերը ընդգծում են հակամարտության աճող ազդեցությունը համաշխարհային առևտրի առանցքային ծովային ուղիների վրա։
Interactive Brokers-ի ավագ տնտեսագետ Խոսե Տորեսը նշել է, որ նավթի մատակարարումների վերաբերյալ մտահոգությունները պահպանվում են՝ չնայած Հորմուզի նեղուցի բացման շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնության նշաններին։
Փորձագետի խոսքով՝ «ներդրողները մի քանի շաբաթ սպասում էին համաձայնագրի, և այս փուլում, հավանաբար, անհրաժեշտ կլինի զգալի առաջընթաց, որպեսզի եկամտաբերությունը էականորեն նվազի, իսկ բաժնետոմսերը շարունակեն աճել»։ Նա նաև հավելել է, որ հումքային ապրանքների գների բարձրացումը վկայում է շուկայում պահպանվող մտահոգությունների մասին։
