Հարավային Կորեայից չիպերի արտահանումը օգոստոսին եռապատկվել է՝ թարմացնելով ռեկորդը
Հարավային Կորեայից կիսահաղորդչային արտադրանքի արտահանումը օգոստոսին տարեկան կտրվածքով աճել է 209%-ով՝ հասնելով ռեկորդային 46.65 մլրդ դոլարի` համաձայն երկրի Առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալների։
Ցուցանիշն աճում է արդեն 15-րդ ամիսն անընդմեջ և երրորդ ամիսն անընդմեջ գերազանցում է 40 մլրդ դոլարը։
Օգոստոսին դրա աճին նպաստել է արհեստական բանականության (AI) ենթակառուցվածքների լուծումների նկատմամբ բարձր պահանջարկը՝ Google-ի և Amazon-ի նման հիպերսքեյլերների՝ խոշոր ամպային ծառայություններ մատուցողների, ներդրումային ծրագրերի ընդլայնման շնորհիվ։
Անցած ամիս համակարգչային տեխնիկայի մատակարարումները թռիչքաձև աճել են 419.5%-ով՝ հասնելով պատմական առավելագույնի՝ 6.24 մլրդ դոլարի։ Նախարարությունը նշում է NAND հիշողության չիպերի գների հետագա աճը։ Դրանք ձեռնարկությունների համար նախատեսված պինդ վիճակի կրիչների (SSD) հիմնական բաղադրիչներից են։
Անլար հեռահաղորդակցության սարքերի արտահանումն աճել է 21.2%-ով՝ հասնելով 1.88 մլրդ դոլարի՝ նոր արտադրանքի, այդ թվում՝ Samsung Galaxy S26, Z Fold 8 և Z Flip 8 սմարթֆոնների բարձր վաճառքի շնորհիվ։ Ցուցանիշն աճում է արդեն տասներորդ ամիսն անընդմեջ։
Ավտոմեքենաների մատակարարումները նվազել են 29.8%-ով՝ կազմելով 3.85 մլրդ դոլար՝ ավտոարտադրողների գործադուլների և ամառային արձակուրդների ժամկետների տեղափոխման պատճառով։ Նավթամթերքի արտահանումն աճել է 12.2%-ով՝ հասնելով 6.84 մլրդ դոլարի։
Չինաստան արտահանումն աճել է 119.3%-ով, իսկ ԱՄՆ՝ 89.3%-ով։
Օգոստոսին արտահանման ընդհանուր ծավալն աճել է 68.7%-ով՝ հասնելով 98.25 մլրդ դոլարի։
Անցած ամիս ներմուծումն աճել է 22.5%-ով՝ կազմելով 63.51 մլրդ դոլար։ Այդ թվում՝ կիսահաղորդչային արտադրանքի արտադրության համար նախատեսված սարքավորումների գնումներն աճել են 117.3%-ով՝ հասնելով 2.57 մլրդ դոլարի, գունավոր մետաղներինը՝ 27.6%-ով՝ մինչև 2.19 մլրդ դոլար, իսկ նավթինը՝ 21.2%-ով՝ մինչև 8.3 մլրդ դոլար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

