Մեծ Բրիտանիայում չինական ավտոմեքենա գնելը համեմատել են դավաճանության հետ
Մեծ Բրիտանիայում չինական «կեղծ Range Rover» գնելը համեմատել են դավաճանության հետ, գրում է Telegraph-ը։
Ինչպես նշվում է հոդվածում, խոսքը Չինաստանում արտադրվող Jaecoo 7-ի մասին է՝ միջին չափի, հինգդռնանի, հինգտեղանի ամենագնացի, որն արտաքնապես չափազանց նման է Jaguar Land Rover-ի արտադրած Velar և Evoque մոդելներին։
«Սակայն ամենաակնհայտ տարբերությունն այն է, որ Jaecoo-ն ձեզ մոտավորապես երկու անգամ ավելի էժան կարժենա, քան բարձրակարգ Range Rover-ը։ Jaecoo 8-ը կարելի է ձեռք բերել 45 հազար ֆունտ ստերլինգով։ Իսկ եթե ցանկանում եք իսկական Range Rover Sport, ապա դրա արժեքը կազմում է 77 հազար ֆունտ, իսկ առաջատար մոդելների համար պահանջվում է ավելի քան 100 հազար ֆունտ», – նշվում է հոդվածում։
Իհարկե, գինը միակ տարբերությունը չէ։ Range Rover-ն իսկական ապրանքանիշ է, ավտոմեքենա, որը մարմնավորում է աշխարհի խոշորագույն բրենդներից մեկի հպարտությունը։ Սակայն, ինչպես նշվում է հոդվածում, շատ բրիտանացիներ նախընտրում են չինական ավտոմեքենան օրիգինալից, և հենց դա էլ խնդիր է։
Հրապարակման հեղինակի կարծիքով՝ եթե բրիտանացին չի կարող իրեն թույլ տալ թանկարժեք, «իսկական» իր գնել, ապա ընդհանրապես չպետք է այն գնի։ Առավել ևս պետք չէ «խոնարհվել չինական գազանի առաջ»։
Ավելի վաղ Carwow պորտալը հետազոտություն էր անցկացրել Մեծ Բրիտանիայի ավտոմեքենաների շուկայում։ Հարցման արդյունքները ցույց են տվել, որ բրիտանացի վարորդների գրեթե կեսը՝ 49%-ը, դիտարկում է չինական ավտոմեքենա գնելու հնարավորությունը։ Սա գրեթե երկու անգամ ավելի բարձր ցուցանիշ է, քան երեք տարի առաջ, երբ այն կազմում էր ընդամենը 24%։
Բացի այդ, մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել է այնպիսի ապրանքանիշերի ճանաչելիությունը, ինչպիսիք են Jaecoo-ն՝ 46%-ից մինչև 69%, Chery-ն՝ 16%-ից մինչև 50%, Omoda-ն՝ 42%-ից մինչև 57%, ինչպես նաև BYD-ը՝ մինչև 71%։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

