7 օր անց աշխարհը կարող է զրկվել սաուդյան նավթից
Սաուդյան Արաբիան մի քանի օրվա ընթացքում կարող է սպառել արտահանման համար նախատեսված նավթի պաշարները, եթե չվերականգնի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասված՝ դեպի Կարմիր ծով տանող խոշոր նավթամուղի աշխատանքը։ Սաուդյան նավթի գնորդներն ու թրեյդերները The Guardian-ին հայտնել են, որ դրա հետևանքով համաշխարհային շուկան կարող է զրկվել նավթի մատակարարումների մինչև 4%-ից։
Արբանյակային լուսանկարները, ըստ ամենայնի, ցույց են տալիս, որ երկրի արևելքն ու արևմուտքը կապող 1200 կմ երկարությամբ առանցքային սաուդյան նավթամուղի պոմպակայաններից մեկը լրջորեն վնասվել է ուրբաթ օրը տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։
Ինչպես նշում է The Guardian-ը, Էր-Ռիադը դեռևս ամբողջական տեղեկություն չի ներկայացրել վնասի չափի և նավթամուղի վերականգնման ժամկետների վերաբերյալ։ Սաուդյան Արաբիան հարձակման պատասխանատվությունը վերագրել է Իրաքից գործող զինյալներին, որոնք, երկրի տվյալներով, գործարկել են անօդաչու թռչող սարքերը։
Պարբերականի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան այս նավթամուղն օգտագործում էր օրական շուրջ 4 մլն բարել նավթ՝ համաշխարհային առաջարկի մոտ 4%-ը, Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու նավահանգիստ ուղղելու համար։
Այժմ, երբ նավթամուղը չի գործում, Յանբուի պաշարները կբավականացնեն արտահանման մատակարարումները միայն 5-7 օր շարունակելու համար, պարբերականին հայտնել են ոլորտի երեք աղբյուրներ, որոնք ծանոթ են իրավիճակին։
Բացի այդ, Սաուդյան Արաբիան ունի նավթի պաշարներ, որոնք թույլ կտան ևս մի քանի օր շարունակել հաճախորդների մատակարարումը Կարմիր ծովում գտնվող եգիպտական Այն Սոխնա և Միջերկրական ծովում գտնվող Սիդի Քերիր նավահանգիստների միջոցով, The Guardian-ին հայտնել է չորրորդ աղբյուրը։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ այդ պահեստարաններն ամբողջությամբ լցված չեն և ժամանակի ընթացքում կդատարկվեն, եթե «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը չվերականգնվի։
Սաուդյան Արաբիայից մատակարարումների հետագա կրճատումը կխորացնի համաշխարհային շուկայում առկա դեֆիցիտը։ Հոդվածում նշվում է, որ այն արդեն հանգեցրել է վառելիքի համաշխարհային գների կտրուկ աճի և գնաճի արագացման։
