ԱՄՀ ղեկավարը կարծում է, որ արհեստական բանականության ոլորտում ներդրումները նպաստում են համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 3% աճին
Արհեստական բանականության ենթակառուցվածքներում կատարվող խոշորածավալ ներդրումները թույլ են տալիս համաշխարհային տնտեսության աճի տեմպերը պահպանել շուրջ 3%-ի մակարդակում։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Քրիստալինա Գեորգիևան՝ «Small AI, real jobs» խորագրով նիստի ընթացքում։
Նրա խոսքով՝ այդ ներդրումները զգալի օգուտներ են բերում ասիական բազմաթիվ երկրների, որոնք սարքավորումների մատակարարներ են, օրինակ՝ Թաիլանդին։
Գեորգիևայի խոսքով՝ արհեստական բանականության ոլորտում ներդրումային բումը դարձել է «պահանջարկի և ներդրումային շոկ», որը կարող է արագացնել Ասիայի զարգացած երկրների տնտեսությունների աճը 0.5-1 տոկոսային կետով, իսկ տարածաշրջանի զարգացող տնտեսություններինը՝ 0.2-0.8 տոկոսային կետով։
«Հենց այս անցումն է դեպի ավելի բարձր աճի տեմպեր, որ թույլ է տալիս համաշխարհային տնտեսությանը գրանցել շուրջ 3% աճ՝ չնայած էներգակիրների մատակարարումների խափանումների հետևանքով առաջացած շոկի զսպող ազդեցությանը», – ասել է Գեորգիևան։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

