Համաշխարհային բանկը նախազգուշացրել է 800 մլն աշխատատեղի պակասի մասին
Առաջիկա մեկուկես տասնամյակում համաշխարհային աշխատաշուկա կմտնի շուրջ 1.2 մլրդ երիտասարդ մասնագետ։ Սակայն համաշխարհային տնտեսությունը չի կարողանա նրանց ապահովել բավարար թվով աշխատատեղերով․ կանխատեսումների համաձայն՝ կստեղծվի ընդամենը շուրջ 400 մլն աշխատատեղ։ Այս տվյալները ներկայացրել է Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Աջայ Բանգան՝ ելույթ ունենալով Բանգկոկում ընթացող Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների տարեկան նիստում։
ՀԲ ղեկավարը նշել է, որ ժողովրդագրական աճը համընկել է մի շարք լուրջ մարտահրավերների հետ՝ շարունակվող հակամարտություններ, բյուջետային հնարավորությունների սահմանափակում, պարտքային բեռի աճ և հիմնական ապրանքների, այդ թվում՝ էներգակիրների ու պարարտանյութերի բարձր գների պահպանում։
Այս խնդրի լուծման համար ՀԲ նախագահը կոչ է արել վերանայել զարգացմանն աջակցելու ներկայիս մոդելը։
«Զարգացման ապագան կախված կլինի պետական ֆինանսների, մասնավոր ներդրումների, բարեգործության և տեխնոլոգիաների համախմբումից՝ յուրաքանչյուր առանձին երկրի կարիքների շուրջ։ Այնտեղ, որտեղ կարիքներն ու ռիսկերն առավել մեծ են, պետական և արտոնյալ ֆինանսավորումը կշարունակի անփոխարինելի դեր ունենալ։ Երկրների զարգացման և ամրապնդման հետ մեկտեղ ավելի մեծ դեր պետք է ստանձնեն մասնավոր ներդրումները և շուկաներ մուտք գործելու հնարավորությունները», – նրա խոսքերը մեջբերում է աղբյուրը։
Բացի այդ, Աջայ Բանգան հայտնել է արտաքին ֆինանսավորման ներգրավման զգալի առաջընթացի մասին։ Նրա տվյալներով՝ անցած տարի Համաշխարհային բանկի խմբին հաջողվել է մոբիլիզացնել 112 մլրդ դոլարի մասնավոր կապիտալ, մինչդեռ 2022 ֆինանսական տարում այդ ցուցանիշը կազմել էր 35 մլրդ դոլար։ Հաշվի առնելով նաև ՀԲ-ի սեփական միջոցները՝ ֆինանսավորման ընդհանուր ծավալը գերազանցել է 230 մլրդ դոլարը։
